Բանակցային գործընթացի շարունակությունը ինքնին ստատուս քվոյի փոփոխության տարր է. քաղաքագետ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպման ֆոնին կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այսօր տարածած հայտարարությունը, այլև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հանդիպման նախօրեին տարածած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում հանդիպումներին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
«Պարզ է, որ բանակցային գործընթացը շարունակելու համար առնվազն անհրաժեշտ է ոչ միայն նվազեցնել լարվածությունը, այլ նաև կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Պետք է ոչ միայն նվազեցնել շփման գծի լարվածությունը, այլ նաև մեխանիզմներ գտնել հրադադարի խախտման դեպքերը ներկայացնելու համար։ Պետք է նաև հասնել պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են մշտադիտարկման գործընթացներին, ինչի մասին հայկական կողմն անընդհատ բարձրաձայնել է, սակայն ադրբեջանական կողմի պատճառով դեռսև իրականացնել չի հաջողվել»,- ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Մարկարովի խոսքով, պարզ է, որ բանակցային գործընթացի շարունակությունը ինքնին ստատուս քվոյի փոփոխության տարր է։
«Հայաստանյան կողմը ստատուս քվոյի փոփոխությունը դիտարկում է այն ուղղությամբ, որը հաստատելու է դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի պետության ճանաչումը։ Որքան էլ Ադրբեջանը խոստանա, որ պատրաստ է Արցախին լայն ինքնավարություն տրամադրել, միևնույն է, դա չի համապատասխանում Հայաստանի և հենց Արցախի ամրագրված դիրքորոշման հետ»,- ասաց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ հակամարտ կողմերը հակված են կառուցողական երկխոսության և հնարավոր շփման կետեր գտնելուն, սակայն Ադրբեջանի կողմից նմանօրինակ պատրաստակամությունն առայժմ շոշափելի չէ։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում հանդիպումներին
- Մեկնարկել է Նալբանդյանի և համանախագահների հանդիպումը
- Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին