Մեզանից շարունակում են հավելյալ գումարներ հավաքել. Էդմոն Մարուքյան
Դիզվառելիքի, բենզինի, սեղմված գազի թանկացումն ազդելու են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Հունվարի 19-ին հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ այս մասին նշեց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:
«Այս հարվածները հուժկու են: Դուք գիտեք, որ դրանք ազդելու են: Մեկնաբանում են՝ իբրև միջազգային շուկայում էլ են գները թանկացել, բայց միջազգայինից բացի մեր նոր հարկային օրենսգրքով են թանկացել: Մենք ունենք 9 մանդատ գործող խորհրդարանում, բայց դրսում ավելի շատ մանդատներ ունենք, և ես դրանում վստահ եմ»,- ասաց նա:
Նա նշեց, որ հավաքվել են՝ իրենց համախոհների աջակցությունը համախմբելու, և այդ էներգիան դեպի քաղաքական մեծամասնություն ուղղելու, որ հարկային փոփոխությունները չեղարկվեն և նվազագույնը վերադարձ լինի նախկին հարկային օրենսգրքին:
Մարուքյանն ընդգծեց՝ թանկացումներով հանդերձ՝ աշխատավարձերը չեն ավելացել:
«Իշխանությունները 2018 թ. բյուջեում չեն ավելացրել պետությունից տրվող աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, այսինքն՝ մեզանից շարունակում են հավելյալ գումարներ հավաքել՝ մի կողմից՝ ստվերային տնտեսության, մի կողմից՝ կոռուպցիայի դեմ չպայքարելով և քաղաքացիների եկամուտները չավելացնելով»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց՝ այս երթով իրենք մեկնարկում են նոր հարկային բեռի՝ ակցիզային հարկի, ԱԱՀ-ի, թանկացումների դեմ իրենց պայքարը: