«Կյանք ու կռիվ»-ի հաջողության գաղտնիքը անկեղծ կատարած աշխատանքն է. Սամվել Թադևոսյան
Մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին պատմող «Կյանք ու կռիվ» երկմասանոց ֆիլմն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական մրցանակի արժանացավ։
«Ֆիլմի հաջողության գաղտնիքն առաջին հերթին անկեղծ կատարած աշխատանքն է ու պրոֆեսիոնալ մոտեցումը»,- պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր դերակատար, Տրգրանին կերտած Սամվել Թադևոսյանը։
Դերասանի խոսքով՝ ֆիլմի հաջողության համար շատ մեծ նշանակություն ունի նաև ֆինանսական ներդրումը։
«Ստացվել է այն, ինչ ստացվել է, ամեն դեպքում բոլորս շատ պարզ գիտակցում ենք, որ սա շեդեվր չէ»,- ասաց Սամվել Թադևոսյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ թե այդպես ասելով դերասանը համեստություն է անում, նա պատասխանեց. «Ոչ, իմ կարծիքն է», այնուհետև հավելեց. «Կինոյի դաշտում բացթողումներ կան, դիլետանտիզմ, ոչ պրոֆեսիոնալ և ոչ լուրջ մոտեցում»։
Հարցին՝ թե ինչու հանդիսատեսն այդքան սիրեց իրեն, Սամվել Թադևոսյանը պատասխանեց. «Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, երևի այսպիսի դեմքերի պակաս կա։ Ամեն դեպքում անկեղծ եմ»։
Ինչ վերաբերում է կերտած կերպարին ու նրա հետ նմանություններին, ֆիլմի գլխավոր դերակատարը պատասխանեց. «Կերպարիս նման չեմ , ֆիլմից հետո կերպարի մեջ չեմ մնում, այն գնացել է դեպի ենթագիտակցություն։ Առջևում ավելի հետաքրքիր աշխատանքներ կան, թե թատրոնում, թե կինոյում»։
Նշենք, որ Հանրապետության նախագահը պարգևատրեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանին, գլխավոր պրոդյուսերներ՝ Ռուբեն Ջաղինյանին, պրոդյուսեր` Կարեն Ղազարյանին, գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանին։
Ֆիլմը նվիրված է Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը
- «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց». Ֆիլմ՝ հերոսների մասին