ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է արել պահպանել շփման գծում առկա դրական միտումը
Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Անդրյու Շոֆերը (Միացյալ Նահանգներ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և հունվարի 18-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Համանախագահները հունվարի 18-ին նաև միասին հանդիպել են երկու ԱԳ նախարարների հետ։
Նախարարները և համանախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նախորդ գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու հետագա քայլերը:
Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ այն ավարտուն տեսքի բերել։
Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները մտքեր են փոխանակել բանակցությունների սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։
Համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը։
Համանախագահները նաև ցանկություն են հայտնել քննարկելու 2010թ.-ին իրականացված, հակամարտությունից տուժած տարածքների գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։
Համանախագահները փետրվարի սկզբին ծրագրում են այցելել տարածաշրջան»,-նշված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան