Ինչպես ադրբեջանական կապերն ազդեցին ԵԽԽՎ-ում պատվիրակությունների փոփոխությունների վրա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 22-ից 26-ը կանցկացնի տարվա առաջին նստաշրջանը, որը կներկայանա մի շարք պատվիրակությունների նորացված կազմերով: Տարվա սկզբին պատվիրակությունների փոփոխությունները ԵԽԽՎ-ում նորմալ գործընթաց է, որը հաճախ պայմանավորված է լինում խորհրդարանական նոր ընտրություններով: Սակայն այս տարեսկզբին կատարված փոփոխությունները մասնակիորեն նաև այլ պատճառ ունեն:
ԵԽԽՎ-ում ներկայացված պատվիրակություններում փոփոխություններ են կատարել Ադրբեջանը, Գերմանիան, Բելգիան: Նշված պատվիրակություններում փոփոխությունները կապված են նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի հետ: Երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը, փոփոխեցին իրենց պատվիրակությունները, ԵԽԽՎ-ում կոռուպցիայի «հետքերը մաքրելու» համար, որտեղ ներկայումս գործում է պատգամավորների շրջանում Կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության արտաքին անկախ մարմին: Այս մարմնի աշխատանքների արդյունքը կներկայացվի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որը շատ հավանական է, որ հայտնի դեպքերից բացի բացահայտի նաև նոր «անակնկալներ»:
Ահա օրերս հայտնի դարձավ Գերմանիայի պատվիրակության կազմը, որից ադրբեջանական կապերի պատճառով հեռացվել է Մերկելի կուսակից Կարին Շտրենցը, ով ներառվել էր «Ադրբեջանական լվացքատան» զեկույցում ու ընդունել, որ ամսական ստացել է 7500 եվրո «աշխատավարձ»:
Գերմանիայի պատվիրակության կազմում չի ընդգրկվել նաև պատվիրակության արդեն նախկին ղեկավար Աքսել Ֆիշերը: Ֆիշերի նկատմամբ, ով նաև ԵԽԽՎ ԵԺԿ խմբի ղեկավարն էր, սակայն խմբի ներսում տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց, Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապի մեջ լինելու բացահայտ մեղադրանքներ չկան, սակայն վերջինս ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի ստեղծմանը, աջակցում էր պաշտոնից հեռացված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ու ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մեջ մեղադրում էր հասարակական կազմակերպություններին:Այժմ ԵԽԽՎ-ում Գերմանիայի 18 հոգանոց նոր պատվիրակության ղեկավար է նշանակվել Անդրեաս Նիքը:
ԵԽԽՎ-ում կոռուպցիոն քաղցկեղը տարածած Ադրբեջանն էլ պատվիրակությունից հեռացրեց Էլհան Սուլեյմանովին, Մուսլում Մամմադովին ու Էլշան Մուսաևին, ովքեր անմիջականորեն զբաղվել էին Ադրբեջանի լոբբինգով ու գումարներ փոխանցել եվրոչինովնիկներին՝ իրենց հաճո որոշումների դիմաց:
Ադրբեջանական կոռուպցիային իր մասնակցության բացահայտումից հետո Բելգիայի պատվիրակությունից հեռացվեց Ալան Դեստեքսը:
ԵԽԽՎ-ում ներկայացված են ԵԽ 47 անդամ երկրների խորհրդարանների 324 պատգամավորներ, սակայն 2014թ.-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության ու Ղրիմի, ինչպես եվրոպացիներն են նշում, անեքսիայի պատճառով ՌԴ պատվիրակները զրկվեցին ձայնի, քվեարկության իրավունքից ու որոշեցին չմասնակցել Վեհաժողովի աշխատանքներին՝ մինչև իրենց իրավունքների ամբողջական վերականգնում: Ներկայումս ԵԽ-ում քննարկումներ են ընթանում, թե ինչպես է հնարավոր պահպանել կառույցի ամբողջականությունն ու ԵԽԽՎ վերադարձնել ՌԴ պատվիրակներին:
Վերջում, որպես ի գիտություն, նշենք, որ այս նստաշրջանում փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ պատվիրակության կազմը. պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին փոխարինել է Կարինե Աճեմյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան