Ուկրաինայում կարմրուկից ութ մարդ է մահացել
Ուկրաինայում կարմրուկի համաճարակի բռնկման պահից մինչ այսօր հիվանդության հետևանքով մահացել է 8 մարդ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարի հրապարակած տվյալները:
«Երեկ ևս մեկ մարդու մահվան մասին հայտնի դարձավ: Նա երեխա էր, ով չէր պատվաստվել կարմրուկի դեմ: Կարմրուկի համաճարակի բռնկման պահից ի վեր դա մահվան 8-րդ դեպքն էր»,-ասել է նախարար Սուպրունը՝ ելույթ ունենալով Վերին Ռադայում:
Նախարարի խոսքով, պատվաստված քաղաքացիների շրջանում մահվան որևէ դեպք չի գրանցվել:
Ավելի վաղ Սոիպրունը հայտարարել էր, որ 2017 թվականի ընթացքում Ուկրաինայում գրանցվել է կարմրուկի հիվանդացության 4 782 դեպք, նրանց 75 տոկոսը երեխաներ են:
ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կարմրուկով հիվանդանում է 24-ից 30 միլիոն մարդ, որոնցից 800000-ը մահանում են հիվանդության բարդություններից։ Դա նշանակում է՝ կարմրուկից ամեն օր մահանում է 314, ամեն ժամ՝ 13 մարդ։
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։
Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված կնոջ մոտ:
ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարությունը հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ
- Խոշոր նվաճումներից է կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայությունը. ԱՆ