Բուրյատիայում կացինով հարձակվել են աշակերտների վրա
Բուրյատիայում կացինով զինված անչափահասը հարձակվել է 7-րդ դասարանի աշակերտների, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու վրա: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, տուժել է 5 մարդ: Զինված հարձակումից հետո չարագործը այրել է դյուրավառ հեղուկով լի շիշը: Հրդեհը տարածվել է մոտ 15 քմ մակերեսով:
Դպրոցում այս պահին անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում, Բուրյատիայի ղեկավարը հետաձգել է Մոնղոլիա նախատեսած այցը:
«Տուժածներից չորսը երեխաներ են, մեկը՝ 44-ամյա կին: Երեխաներից երեքը ծանր վիճակում են, մյուս երկու վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Առաջին բուժօգնությունը ստացել են մոտակա զինվորական հոսպիտալում, ինչից հետո տեղափոխվել են Ուլան Ուդե»,-հայտարարել է Բուրյատիայի առողջապահության նախարարը:
Տուժած երեխաները 13 տարեկան են, նրանք բոլորն էլ նույն դասարանից են: Նրանք վնասվածքներ են ստացել կացինի հարվածներից:
«Տղաներից մեկը վնասվածքներ ունի գլխի, մեջքի ու վերջույթների շրջանում»,-ասել է նա:
Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ տուժածները ոչ թե հինգն են, այլ յոթը, որից վեցը երեխաներ են:
«Լայֆ. Ռու»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է, ով այդ քայլին գնացել է ռուսերենից ստացած ցածր գնահատականի հետևանքով:
Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթվա մեջ սա դպրոցի վրա զինված հարձակման երկրորդ դեպքն է: Նախորդը Պերմի դպրոցներից մեկում էր, որի հետևանքով տուժել էր 15 մարդ, նրանց թվում նաև հայուհի կա:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դատախազությունը կստուգի դպրոց դանակներ տանել ցանկացող տղայի կյանքի պայմանները
- Պերմի դպրոցի ուսուցչուհին գիտակցության գալով առաջինը հարցրել է աշակերտների մասին
- Պերմի դպրոցում վիրավորված աշակերտներից մեկը հայ է
- Պերմի դպրոցում տուժածների թիվը հասել է 15-ի