ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը. վարչապետ
Այսօր հանրապետությունում առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը: Այս մասին հայտնել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ՍԱՊԾ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները ներկայացնելիս։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա նաև տեղեկացրել է, որ 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:
Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երևանում և մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն և 124 միս-մսամթերք տեղափոխող փոխադրամիջոցներին:
Թվայնացման և տեղեկատվական բազաների ձևավորման մասին խոսելիք կառավարության ղեկավարը նշել է. «Երբ ստուգումների քանակը շատանում է, որոնք իրականացվում են «խորհրդատվություն, ժամանակ, հետո՝ վարչական միջոցառումներ» շղթայի տրամաբանությամբ, եթե տեղեկատվական բազան ստեղծեք, վիճակագրությունն ունենաք և հետո դասակարգեք բիզնես շղթայի մասնակիցներին, հստակ իմանալու եք՝ ում է պետք տարին մեկ անգամ ստուգել, ում՝ 2 ամիսը մեկ անգամ, ում կարելի է 2 տարին մեկ անգամ ստուգել, որովհետև օրինապահ է: Այդ վիճակագրությունը, յուրաքանչյուրի համար առանձին պատմություն ունենալը չափազանց կարևոր աշխատանք է: Ու նաև պետք է հասկանալ, թե թվային սննդանվտանգության համակարգը ներմուծելով, որքանո՞վ է հեշտացել բիզնեսի կյանքը, որքանո՞վ է կրճատվել շփումը: Այդ դիտարկումները ռեգուլյար պետք է լինեն»:
Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետևողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում արդյունքներ արձանագրելու համար: «Փորձեք հետազոտել, թե ինչ ազդակներ է պետք ուղարկել աշխարհին և ինչ ձևով են իրենք մշտադիտարկում անում և հրապարակում, որպեսզի երկրի ծագման նկատմամբ վստահություն լինի: Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում: Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է, որպեսզի բիզնեսը չխեղդենք: Եվ բացի նրանից, որ մենք իրականում պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է, և բիզնեսը գերշահույթ կամ այլ շահույթ ստանալու համար չի խախտում այդ նորմերը: Բայց բացի դրանից, չափազանց կարևոր գործառույթ է, որ դուք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծեք, որ կարողանա շուկաներ մտնել», - նշել է կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Պետական երկու մարմին կուսումնասիրեն ՀՀ քաղաքացիների սննդակարգը
- Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
- ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին