Այս տեմպերով Ռուսաստանը կկորցնի Հայաստանը. Ստյոպա Սաֆարյան
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում իրեն ուղղակի անթույլատրելի է պահում ՝ շարունակաբար զենք մատակարարելով Ադրբեջանին։ Սա պարզապես ավելի է թունավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Կրեմլում պետք է հասկանան, որ ժամանակի ընթացքում հայկական կողմից հնչող քննադատություններն աճելու են, իսկ Հայաստանին մեղադրելու հիմքեր Ռուսաստանն այլևս չի ունենալու։ Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե իր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններն ինչպես պետք է կառուցել, որովհետև այս տեմպերով նա կկորցնի Հայաստանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրողությունը մեկնաբանեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ռուսական ժամանակակից զինատեսակների հերթական խմբաքանակն Ադրբեջան առաքելու հերթական գործարքին։
«Հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն լարվածություն ստեղծվեց, այլ նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում արգելակում նկատվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Պատահական չէր, որ շաբաթներ առաջ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բավական անակնկալ այց կատարեց Բաքու։ Բնականաբար, երկկողմ քննարկումների հիմնական թեման եղել է սպառազինությունների մատակարարման շարունակականությունը։ Ես սա համարում եմ վերին սաստիճանի վտանգավոր նշան»,- ասաց մեր զրուցակիցը։
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն արդեն խելահեղության է վերածվում՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև սեփական դաշնակիցների մասով։
«Կարծես թե Ռուսաստանը նպատակ է դրել զրկվել բոլոր հնարավոր բարեկամներից։ Եթե նման բան է ցանկանում, ապա արդեն իսկ այդ ճանապարհի վրա է։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որն անգամ սեփական շահերին դեմ գնալով՝ արտաքին քաղաքական ճակատում մշտապես համերաշխ է մնում Ռուսաստանի հետ։
Ընդհուպ Ուկրաինայի հետ հարաբերությունները վտանգելով՝ մենք ճանաչեցինք Ղրիմի հանրաքվեն, ինչը հաստատապես չի բխել և չի բխում Հայաստանի շահերից։ Մենք գնացել ենք այդ զոհողությանը՝ հաշվի առնելով մեր արտաքին քաղաքական կյանքում Ռուսաստանի դերը և դաշնակցային հարաբերությունները։ Դրա դիմաց Ռուսաստանն իրեն պահում է ապաշնորհ և երախտամոռ գործընկերոջ նման։ Սա ուղղակի անթույլատրելի պահվածք է»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։
Ամփոփելով՝ փորձագետը նկատեց, որ Ադրբեջանին զենք մատակարարելու քայլն այդ երկրի կողմից կարող է ընկալվել որպես Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու անուղղակի թույլտվություն։
Հիշեցնենք, որ Ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը Ռուսաստանից մատակարարվել է Ադրբեջան։ Խմբաքանակը Ադրբեջան հասել է ուրբաթ օրը։
«Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ տեղափոխված խմբաքանակն ընդունումից հետո կարճ ժամանակ անց կբաշխվի շփման գծին տեղակայված զորամասերի միջև»,- նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստացել
- Ռուսաստանը 2017 -ին ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է վաճառել
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում