Թերեզա Մեյ. ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ երկրորդ հանրաքվե չի լինի
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ երկրորդ հանրաքվե չի լինի: Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ոչ, երկրորդ հանրաքվե չի լինելու: Խորհրդարանը բրիտանական հասարակությանն ընտրելու իրավունք տվեց, և նա ընդունեց իր որոշումը»,- ընդգծել է վարչապետը:
Մեյի խոսքերով՝ Միացյալ թագավորությունը մտադիր չէ «այրել բոլոր կամուրջները»: «Մենք ունենք ընդհանուր շահեր և մենք կանգնած ենք ընդհանուր մարտահրավերների առաջ»,- նշել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է կատարել իր պարտականությունները ընդհանուր անվտանգության ապահովման համար:
Նա նաև ասել է. «Մենք չենք փակում դռները: Ապրանքների անդրսահմանային հոսքը կարևոր է երկու կողմերի համար: Մենք ուզում ենք պայմանավորվել ազատ առևտրի մասին համակողմանի համաձայնագրի վերաբերյալ, նաև գործընկերության մասին անվտանգության ոլորտում»: