Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակն է
Հունվարի 22-ին լրանում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակը: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է. «Կյանքը սեր է, սա իմ սկզբունքն է, որին ես դավանում եմ ստեղծագործության մեջ»:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։
1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։
Առնո Բաբաջանյանի պատկերով հայկական դրոշմանիշ
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։
Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ (երգեր՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։ Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և Լեոնիդ Դերբենյովի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։ «Առաջին սիրո երգը» и «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։ Առնո Բաբաջանյանը մահացել է Երևանում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։
«Ես չեմ կարծում, որ երգի մեջ կարևորը կոմպոզիտորն է, Նա ստեղծագործական գործընթացի հավասար մասնակիցն է: Այլ հարց է, որ նա՝ մեծ մասնակից է: Նրանից է հիմնականում կախված՝ երգը «առաջ կգնա՞», թե՞ ոչ, կամ՝ ո՞վ այն կկատարի, որտե՞ղ և ինչպե՞ս կհնչի այն առաջին անգամ: Այո, իմ մեղեդիները հաճախ «տեքստավորվում» էին, ես այդ բառը չեմ սիրում, բայց այն արդեն արմատացել է: Համաձայնեք, մի՞թե չի կարող պոետը երաժշտական հետաքրքիր կերպարով ոգեշնչվել: Կային ստեղծագործություններ, որոնք այնքան ռիթմիկ են, որ մնում էր միայն նոտագրել դրանք»,- հարցազրույցներից մեկում ասում է նա:
Կոմպոզիտորը նշել է՝ իր ամբողջ ստեղծագործությունը լցված է սիրով, դա սեր է՝ կնոջ, մոր և իր երկրի հանդեպ: Հարցին՝ ի՞նչ դեր ունի տաղանդը ստեղծագործող մարդու կյանքում՝ նա պատասխանել է, որ տաղանդն Աստծուց տրված շնորհ է, սակայն ստեղծագործական կյանքում, հատկապես՝ հաջողության հասնելու առումով, միայն տաղանդը բավարար չէ:
«Բավական չէ՝ փայլել: Պետք է ռիսկի գնալ: Տաղանդի նշաններից մեկն էլ կայունությունն է: Արվեստում կարևոր է ամեն ինչ՝ Աստծուց տրված շնորհը, կրթությունը, ինտուիցիան, իսկ հաջողությունը պատահականություն է, բախտի բան»,- ասում է նա: Կոմպոզիտորը պատմել է, որ սիրում է լավ գրքեր կարդալ, և դա իրեն հարգող ցանկացած մարդու համար նորմա է:
Հայազգի անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը պատմել է Առնո Բաբաջանյանի հետ մի երկխոսության մասին, որն իրեն շատ է տպավորել. «Ես նրան հարցրի՝ դու ինչպե՞ս ես երաժշտություն գրում: Նա տվեց մի պատասխան, որ ես չեմ մոռանում: Ասաց՝ ես լսում եմ երաժշտությունը»: