Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ. Արարատ Զուրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի գնահատմամբ, շատ չեն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն ՀՀ նոր նախագահի պաշտոնը կրելու հնարավորություններին: Նման տեսակետ պատգամավորը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Իմանալով հանրապետականների ընտրելու հնարավորությունները՝ գտնում եմ, որ իրենք վատ լուծում չեն գտել: Իրենք մեծամասնություն ունեն, և ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ: Նա ունի բավականին լուրջ քաղաքական և դիվանագիտական փորձառություն: Բացասականը համարում եմ այն, որ երկար տարիներ չապրելով Հայաստանում՝ նա որոշակիորեն կտրված է եղել այն իրականությունից, որում ապրում ենք մենք: Սակայն պաշտոոնը խիստ ներկայացուցչական է, իսկ նա ներկայացուցչության առումով ունի բոլոր հնարավորությունները: Սա ամենավատ ընտրությունը չէ, որ կատարել է Հանրապետականը: Սա ընդունելի և ընկալելի կլինի»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախագահի՝ ձայների մեծամասնությամբ ընտրվելու հարցում «Ծառուկյան» խմբակցությունն աջակցի ՀՀԿ-ին, խորհրդարանականը պատասխանեց.
«Բնականաբար նմանատիպ հարց մեզ մոտ դառնում է քննարկման առարկա: Քննարկում այս հարցի վերաբերյալ դեռևս չի եղել, և միայն քննարկումից հետո մենք կարտահայտենք մեր տեսակետը: Եթե «Ծառուկյան» դաշինքն ունենա այլ թեկնածու, որն ավելի դրական կդիտարկվի, բնականաբար կողմ կլինեմ: Սահմանադրությամբ առաջնորդվելով՝ մենք պետք է ֆիքսենք, որ խմբակցություններին թեկնածու առաջադրելու հնարավորությունը տրված է: Չբացառենք, որ նման հնարավորությունն առկա է»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ձևականություն տեսնո՞ւմ է ՀՀ նախագահի հանրապետական թեկնածուի այն քայլում, որ նա վերջնականապես չի հայտարարել պաշտոնը ստանձնելու մասին: Զուրաբյանն ի պատասխան նկատեց, որ գոնե այս առումով ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանի հետ որոշակի խորհրդակցություն անցկացրած կլինի:
«Կարծում եմ՝ այն, որ հայտարարվել է և Արմեն Սարգսյանի կողմից հերքում չի եղել, դա արդեն իսկ համաձայնության նշան է»,- ասաց պատգամավորը:
Արարատ Զուրաբյանը դժվարացավ նշել՝ արդյոք նախագահի ՀՀԿ-ան թեկնածուն բալանսավորող ուժ կլինի Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:
«Լինում են իրավիճակներ, երբ Ռուսաստանում ապրող մարդն արևմտամետ է, կամ Արևմուտքում ապրող մարդը՝ ռուսամետ: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն փորձել է գտնել կոնսենսուսային թեկնածու»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը չի կարող ազդել «Ելք»-ի քվեարկության վրա. Արարատ Միրզոյան
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար. «Ժողովուրդ»
- Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները. քաղաքագետ
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին