ՀՀ նախագահ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր երկրի հանդեպ վստահության ու հավատի մասին
«2018-ը կարևոր տարի է մեզ համար․ ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի տոնելու ենք Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Վերջինս յուրատեսակ կարևորություն ունի Հայաստանի համար. այն իր ընդգրկմամբ թերևս ամենածավալուն իրադարձությունն է և վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին։ Սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս հիշարժան միջոցառումներին»,- այս մասին ասաց աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Իդալգոյի ու հայ համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչների հետ ընդունելության ժամանակ:
Նախագահը կարևորեց վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջև արդյունավետ փոխգործակ-ցությունը, որի շրջանակներում մշտական աջակցություն է ցուցաբերվում Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը:
Նշենք, որ հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչները։ Երևանում սպասվում է 4000-ից ավելի մարդկանց ժամանում, որոնց մեջ կլինեն ավելի քան 600 լրագրողներ։ 84 անդամ ունեցող Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում ՄԱԿ-ից հետո։ Հայաստանը ողջ Կովկասում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միակ լիիրավ անդամն է։
Հարակից հրապարակումներ`
- Անն Իդալգո․ Փարիզում կբացվի Թումո դպրոց
- Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ բարեփոխումների միջոցով
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն