Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բանակին և ոստիկանությանը հրամայել է՝ գնդակահարել իրեն, եթե ինքը բռնապետ դառնա: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին նա հայտարարել է ռազմաբազա այցի ժամանակ:
«Եթե ես երկար մնամ իշխանության ղեկին և ցանկանամ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում: Ուժային կառույցների աշխատանքը մարդկանց և սահմանադրությունը պաշտպանելն է: Հիշեք՝ սա ձեր սուրբ պարտքն է»,- ասել է նա:
Դուտերտեն հայտարարել է, որ չի պատրաստվում իր պաշտոնին մնալ ժամկետից ավել, անգամ կցանկանար այն լքել ժամանակից շուտ:
Ֆիլիպինների նախագահը հայտնի է իր սկանդալային արտահայտություններով: 2017-ի նոյեմբերին նա խոստովանել է, որ դեռահաս տարիքում մարդ է սպանել: Նա նաև խոստանում էր սպանել այն պաշտոնյաներին, ովքեր թմրանյութերի վաճառքով են զբաղված: