Ազգային արխիվը Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ ժողովածուներ է հրատարակում
Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով Հայաստանի ազգային արխիվը երկու տիպի աշխատանք է կատարելու՝ փաստաթղթերի հրապարակում և առկա փաստաթղթերի ցուցահանդեսի կազմակերպում: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա հայտնեց, որ ծրագրել են հրատարակել չորս աշխատություն, որոնցից առաջինը հանրագիտարան է՝ ռուսերեն:
Վիրաբյանը տեղեկացրեց, որ հանրագիտարանը ռուսերեն է լինելու, որովհետև փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է այն, ռուսերեն են. դրանք Հայաստանի առաջին Հանրապետության բանակի սպաների մասին են: Արխիվի տնօրենի խոսքով՝ հայ սպաների մեծ մասին գնդակահարել են, սակայն կան նաև փրկվողներ, ինչպես, օրինակ, Հովհաննես Բաղրամյանը: Վիրաբյանի խոսքով՝ սպաները մոտավորապես 2500-3000 հոգի են, վերջնական տվյալները կներկայացվեն աշխատանքների ավարտից հետո:
Վիրաբյանը նշեց՝ լինելու է ստվարածավալ մի հանրագիտարան, այն ռուսերենով են հրատարակում, որպեսզի նաև այլ երկրներում տարածվի, հանրագիտարանը էլեկտրոնային տարբերակ էլ կունենա:
Ազգային արխիվի հրատարակելիք երկրորդ ժողովածուն «ՀՀ քաղաքական պատմություն»-ն է՝ ըստ փաստաթղթերի. նման մի ժողովածու 2001-ին է հրատարակվել՝ փոքր խմբաքանակով, հիմա լրամշակված տարբերակը կլինի, մեծ քանակությամբ նոր փաստաթղթեր են ձեռք բերվել, արդյունքում կստեղծվի մի ժողովածու, որտեղ ցանկացած հետազոտող իր հարցերի պատասխանը կգտնի: «Մենք չենք մեկնաբանելու, միայն ներկայացնելու ենք: Մեկնաբանությունը թողնելու ենք հետազոտողներին»,- ասաց նա:
Երրորդ ժողովածուն Ազգային արխիվը պատրաստում է Ռուսաստանի իր գործընկերների հետ: «Քանի որ նաև 1-ին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակն է, աշխարհում նշվելու է, գիրքը կոչվելու է «Կովկասյան ռազմաճակատ»: Այն լույս է տեսնելու Մոսկվայում, շնորհանդեսը լինելու է և Մոսկվայում, և Երևանում, առաջին անգամ կլինեն փաստաթղթեր ռուսական, հայկական և վրացական արխիվներից»,- տեղեկացրեց Վիրաբյանը:
Հրատարակվելիք չորրորդ ժողովածուն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Առաջին համաշխարհային պատերազմի և Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին»: Ազգային արխիվի տնօրենը շեշտեց՝ պետություն չունենալու պայմաններում եկեղեցին հսկայական դեր է կատարել: Արխիվը եկեղեցուն նվիրված 4 ժողովածու է նախատեսում հրատարակել:
Այս աշխատանքներից զատ՝ Ազգային արխիվը շարունակելու է իր մնացյալ աշխատանքները: Այս տարի արդեն թոշակավորման համար Ազգային արխիվ է դիմել 50 հազար քաղաքացի՝ ոչ միայն Հայաստանում բնակվող: Ազգային արխիվում շարունակվելու է նաև թվայնացման գործընթացը: