Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը չի կարող ազդել «Ելք»-ի քվեարկության վրա. Արարատ Միրզոյան
«Ելք» խմբակցության պատգամավորներ Արարտ Միրզոյանը և Գևորգ Գորգիսյանը թանկացումների դեմ իրենց երթը գոհացուցիչ են որակում: Այս մասին նրանք ասացին ԱԺ-ում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ՝ միաժամանակ հիշեցնելով, որ հաջորդ երթը տեղի կունենա փետրվարի 5-ին:
Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ գազը և բենզինը վերջին մի քանի օրերին կրկին թանկացել են: «Մենք անպայման մասնակցելու ենք թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներին, որքան էլ դրանք նպատակ ունեն իմիտացիա ստեղծելու, մարդկանց աչքերը կապելու»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այն կարծիքին, որ «Ելքը» կարող էր առավել կրետիվ լինել և թանկացումների դեմ երթին շարքից դուրս եկած ժիգուլի չբերել, պատգամավորը նկատեց՝ իրենք գոնե որևէ քայլի դիմում են, իսկ ահա ՀՅԴ-ից վերջին 125 տարիներին որևէ կրեատիվ քայլ չեն տեսել:
«Ինչ վերաբերում է թանկացումների դեմ խորհրդարանական լսումներին, դրանց ժամանակ ոչ մի նոր բան չի ասվելու: Իշխանությունը մտածում է, որ հասարակությունը պատրաստ է թանկացումների բեռն իր վրա կրել, և դա նորմալ է»,- նշեց Գորգիսյանը:
Լրագրողները խորհրդարանականին խնդրեցին անդրադառնալ նաև ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հնարավոր առաջիկա հանդիպման: «Հանդիպման ընթացքում մենք նրան կներկայացնենք երկրում առկա վիճակը: Եթե այդքանից հետո նա կամենա մնալ ՀՀ նախագահի թեկնածու, այլ բան չենք կարող անել»,- կեսլուրջ-կեսկատակ ասաց Գևորգ Գորգիսյանը:
Արարատ Միրզոյանն իր հերթին ևս անդրադարձավ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ կայանալիք հնարավոր հանդիպմանը՝ տեղեկացրեց, որ «Ելք»-ը պատրաստակամ է գնալ հանդիպման, սակայն միանշանակ է, որ հանդիպումը չի անդրադառնալու իրենց քվեարկության վրա: «Մենք կխոսնեք Արմեն Սարգսյանի հետ, սակայն դեմ ենք քվեարկելու նրա թեկնածությանը: Մենք պետք է շարունակենք մեր թեկնածուի օգտին քարոզչությունը»,- ասաց նա:
Պատգամավորը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ թանկացումների դեմ իրենց հաջորդ երթին առավել մեծ թվով ցուցարարներ կմասնակցեն: «Սա խոստումնալից սկիզբ էր»,- ընդգծեց Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար. «Ժողովուրդ»
- Փաշինյան. Հաջորդ երթը կանցկացնենք փետրվարի 5-ին
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
- Նախագահի հավանական թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանում է. «Ժամանակ»
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին