Սումգայիթն այն դեպքն է, երբ մարդուն սպանում էին նրա համար, որ ինքը հայ է. Միքայել Մելքումյան
Սույն թվականի հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Արդեն 30 տարի է անցել այն օրից, ինչ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տասնյակ տարիներ ապրող հայերի նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն, ջարդ, երբ զոհվեցին, վայրագ և ստոր ձևով սպանվեցին տասնյակ, հարյուրավոր անմեղ խաղաղ բնակիչներ:
Սա այն դեպքն է, երբ մարդուն սպանում են միայն նրա համար, որ ինքը տվյալ ազգի ներկայացուցիչ է, տվյալ դեպքում հայ լինելու համար:
Իհարկե, պահպանվել են բոլոր փաստագրական նյութերը, այդ թվում տեսանկարահանված նյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է գազազած ամբոխը /հազարավոր մարդիկ/ ներխուժում հայերի բնակարաններ և տներ՝ իրականացնելով գազանային վայրագություններ:
Դա տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-28 ընկած ժամանակահատվածում, սակայն մինչև օրս միջազգային, այդ թվում և եվրոպական կառույցների կողմից չեն տրվել այդ հանցագործությունների իրական, իրավական և քաղաքական գնահատականները:
Կարծում եմ նաև՝ բացառված չէ, որ այստեղ ներկա ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամների բարեկամներից, հարազատներից կամ ընկերներից ոմանք մասնակցած լինեն այդ վայրագություններին:
Ինչ խոսք, դա տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, սակայն ակնհայտ է, որ կենտրոնացված և միակողմանի քաղաքականացված երկրի աշխարհակարգը չէր կարող ազդել մարդու խղճի և բարոյականության բովանդակության վրա:
Մարդն իր էությամբ կամ մարդ է, կամ մարդու կերպարով գազան:
Հարգելի գործընկերներ,
Ցավոք սումգայիթյան ջարդերն իրականացնողների ժառանգները և զավակները նույն կերպ են վարվում նաև այսօր, արդեն իսկ ժամանակակից զենքերով և ռազմական տեխնիկայով, տեղեկատվական և էլեկտրոնային պատերազմների միջոցով:
Եթե մենք ուզում ենք, որ մարդու արտաքինով, կրթության ստացած, լեզուներ իմացող մարդը իրականացնի նենգ և ստոր վայրագություններ, ապա դա կկործանի յուրաքանչյուր մարդկայինը և կգլորի մեզ դեպի անդունդ:
Հարգելի գործընկերներ,
Եկեք սթափվենք և կոշտ, բայցև մարդկային կոնկրետ միջոցառումներ ձեռնարկենք այդ վայրագություններն իրականացնողների նկատմամբ, որպեսզի կանխենք հետագա վայրագությունները:
Համոզված եմ, որ 30 տարին առավել քան բավարար են՝ մեր շրջապատում իրական կարգ ու կանոն և իրական ժողովրդավարություն հաստատելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան