Մուրադ Փափազյան․ Ակնկալում ենք՝ Մակրոնն օրակարգ կբերի ցեղասպանության ժխտման դատապարտման հարցը
«Բարձր ենք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, քանի որ ամեն անգամ, երբ Հայաստանից պատվիրակություններ են գալիս, Հայ դատի, ցեղասպանության շուրջ Հայաստանի ու սփյուռքի ձայնը մեկ միասնական է, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ ուղղությամբ են շարժվում։ Սա լավ տպավորություն է ստեղծում Ֆրանսիայում ու հատկապես սփյուռքում, ինչը օրինակելի կեցվածք է»,- այսօր Փարիզի քաղաքապետարանում Նախագահ Սերժ Սարգսյանի ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ելույթներից հետո այս մասին Panorama-ին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ չպետք է մոռանանք, որ մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, լուրջ քաղաքական ներկայություն ունեն Ֆրանսիայում ու փորձում են քանդել այն, ինչը ստեղծվել է։
Մուրադ Փափազյանը կարևորում է, որ Հայաստանի ու սփյուռքի ուժերը միավորվեն նաև հիմնական թեմաների շուրջ, որոնք են Հայաստանի զարգացումը, ժողովրդավարացումը, Արցախի հարցն ու Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
Հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ ունեն նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնից՝ Փափազյանը նշեց, որ իրենց առաջին հանդիպումը Մակրոնի հետ լինելու է 2018թ․-ի հունվարի 30-ին, երբ նախագահը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին։
«Սակայն մեր ակնկալիքներն են, որ նախագահը օրակարգ բերի ցեղասպանության ժխտման դատապարտման հարցը։ Սահմանադրական դատարանին պետք է համոզենք, որ այն հակասահմանադրական բնույթ չունի։ Մենք որոշեցինք չզիջել այս հարցում, սակայն ճանապարհներ պետք է գտնենք, որպեսզի երրորդ անգամ այն չմերժվի Սահմանադրական դատարանի կողմից»,-ասաց Մուրադ Փափազյանը։
Հայ համայնքի սպասելիքը Մակրոնից նաև այն է, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելիս չզիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության, Կիպրոսի, քրդերի, հայոց ցեղասպանության հարցերում, ինչպես նաև Արցախի հարցի շուրջ Մինսկի խմբում ունենա առաջատար դեր։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Այցը կշարունակվի հունվարի 22-ից 24-ը։ Այցը մեկնարկեց Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ, որին հաջորդեց հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը։ Վաղը Սերժ Սարգսյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ. պաշտոնական
- Անն Իդալգո․ Փարիզում կբացվի Թումո դպրոց
- Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ բարեփոխումների միջոցով
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան