Շիրակի մանկապարտեզներում հայտնաբերված խախտումները վերացվել են
Շիրակի մարզի երեք մանկապարտեզներում հայտնաբերված խախտումների հետևանքով կասեցվել էր հանրային սննդի կազմակերպումը: Հայտնաբերված խախտումները վերացված են, Panorama.am-ի հետ զրույցում վստահեցնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Այսպես, Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի թիվ 4 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ում կասեցվել էր մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման աշխատանքը, քանի որ խախտվել էին սանիտարահիգիենիկ նորմերը: Խոհանոցն ամբողջությամբ ենթակա է եղել վերանորոգման, իսկ գույքն ու սարքավորումները՝ մաքրման և ախտահանման, սանհանգույցները եղել են անմխիթար վիճակում, ապահովված չի եղել հոսող տաք ջրով: Տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:
«Կասեցումը վերացված է Մանկապարտեզում վերացվել են հայտնաբերված բոլոր խախտումները, հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է»,-հայտնեցին ՍԱՊԾ-ից:
Հաջորդը Մարալիկ քաղաքի «Անի մանկապարտեզն էր: Կասեցվել էր մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը, քանի որ արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում:
Օժանդակ հատվածները՝ երեխաների համար նախատեսված հանդերձարանը, տեղակայված է եղել խոհանոցի նախամուտքում: Ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով: Սննդամթերքի պահման համար նախատեսված առանձին տարածքի մուտքի դուռը չէր ապահովել տարածքի հերմետիկությունը և վնասատուների մուտքը: Տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: Այստեղ ևս կասեցումը վերացված է, քանի որ մանկապարտեզում վերացվել են հայտնաբերված բոլոր խախտումները, հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է:
Գյումրի համայնքի «Լիլիթ» մանկապարտեզի խոհանոցը և դրա կենցաղային տարածքները նորոգ վիճակում չեն եղել, լվացարանները ապահովված չեն եղել հոսող տաք և սառը ջրով, սննդամթերքի պահպանումը իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարրաներում: Տրվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարական:
«Կասեցումը վերացված է Հայտնաբերված խախտումները վերացվել են, թույլատրվել է սկսել հանրային սննդի կազմակերպումը»,-ասացին ՍԱՊԾ-ից: