Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
Րոպեներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Փարիզի «Լը Բուրժե» միջազգային օդանավակայանում։ Նախագահ Սարգսյանի բավական հագեցած այցը Ֆրանսիայի Հանրապետություն կտևի հունվարի 22-ից 24-ը։
Ինչպես Փարիզից հայտնում է Panorama-ի լրագրողը, աշխատանքային այցը կմեկնարկի Փարիզի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ, որին կհաջորդի ընդունելություն՝ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 23-ին։ Տեղի կունենան նաև հանդիպումներ Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լառշերի ու Ֆրանսուա Դը Ռյուժիի հետ։ Հունվարի 24-ին Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ու կհանդիպի ԵԽ ղեկավարության հետ։
Նշենք, որ սա կլինի 2008թ․-ից ի վեր Սերժ Սարգսյանի աշխատանքային ու պաշտոնական 10-րդ այցը Ֆրանսիա։ Նախագահի նախորդ այցը Ֆրանսիա 2017թ․-ի մարտին էր՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան