Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է Զիբիլիքսի գործից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում՝ հունվարի 22-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։
Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները։
Էդմոն Մարուքյանը խիստ կարևորել է Եվրոպայի Խորհրդի դերը ներպետական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելու գործում։ Նա ընդգծել է հետևյալ խնդիրները.
.Ընտրությունների ժամանակ համատարած ընտրակաշառքի բաժանումը։
. Խորհրդարանի առջև ոստիկանության հաշվետվողականության ապահովումը։
. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահականից
խորհրդարանական համակարգին անցման ապահովումը։
Մարուքյանն իր խոսքում հղում է կատարել համազեկուցողներին առ այն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով, որից հետո ԵԽԽՎ-ն Հայաստանից պահանջել է ընդունել ընտրակաշառքների պրակտիկայի դեմ պայքարելու օրենսդրություն։
Սակայն, ըստ Մարուքյանի, տվյալ ոլորտում օրենսդրության ընդունման կարիք չկա, քանի որ ընտրակաշառքների բաժանումը Հայաստանում համարվում է քրեորեն պատժելի արարք։ Գործնականում միայն անհրաժեշտ է, որպեսզի դրսևորվի գործող քրեական օրենսգիրքը կիրառելու կամք և ամեն ընտրությունից հետո ընտրակաշառք բաժանողները ենթարկվեն պատասխանատվության, որն էլ կկանխարգելի ընտրակաշառքների՝ հետագա բաժանման փորձերը։
Պատգամավորն ընդգծել է նաև, որ ինչպես նշված է զեկույցում, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահումը եղել և մնում է Հայաստանում ամենատարածված խնդիրներից մեկը։ Նա հիշեցրել է, որ Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԵԼՔ դաշինքը ձեռք է բերել ու ներկայացրել ընտրակաշառքի զանգվածային բաժանման վերաբերյալ անհերքելի ապացույցներ, սակայն գլխավոր դատախազությունը գործը կարճել է, և այժմ Զիբիլիքս անվանումն ստացած գործը քննվում է դատարանում։
«Ելք» դաշինիքի մամուլի հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պատգամավորը բարձրացրել է նաև սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարությանն առընթեր մարմինների գոյության անթույլատրելիությունը և հիշատակել դեռևս 2009թ․-ին ԵԽԽՎ կողմից կատարված առաջարկությունը՝ այն է թե ոստիկանությանը տալ առանձին նախարարության կարգավիճակ կամ այն ներառել որևէ նախարարության կազմում։
Մարուքյանն ասել է, որ ԵԼՔ խմբակցությունն առաջարկել է կառավարությանն առընթեր բոլոր մարմինները դարձնել նախարարություններ դրանք խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու և Ազգային ժողովին հաշվետու դարձնելու համար։
Էդմոն Մարուքյանը ԵԼՔ դաշինքի անունից հայտարարել է որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահական կառավարման համակարգից անցումը պառլամենտական համակարգին շատ կարևոր ընթացք է և դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի վերոհիշյալ անցումը լինի իրական, քանի որ այս մասով որևէ իմիտիացիա անթույլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նոր նախագահը Միկելե Նիկոլետին է
- ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Զիբիլիքս» գործով «Ելք» դաշինքի բողոքը. ՀԺ
- «Ելք»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը. ՀԺ
- «ԵԼՔ»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը
- «Ելք»-ը «Զիբիլիքս» գործի կարճման որոշում չի ստացել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան