«Շնորհակալություն, հայ զինվոր» համերգը՝ երախտիքի խոսք հայ զինվորին
Հունվարի 24-ին՝ 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով: Համերգի նախաձեռնողը «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունն է՝ ՀՀ մշակույթի նախարարարության և սիրված երգիչ-երգչուհիների հետ համատեղ:
Panorama.am-ի հետ զրույցում «Դիրքապահ» միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը նշեց, որ համերգի գաղափարը ծնվել է, երբ Արսեն Գրիգորյանի, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, երգիչ-երգչուհիների հետ գնացել են զինհաշմանդամների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, այնտեղ նախարարը հանդիպել է զինվորների ծնողներին:
«Մենք՝ «Դիրքապահ»-ի տղաներով, նախարարի և երգիչների հետ հավաքվեցինք, որոշեցինք կազմակերպել այսպիսի համերգ և գումարը տրամադրել տղաների վերականգնողական կենտրոնին: Այնտեղ մեծ ծախսեր են արվում, բայց այս կերպ գոնե ինչ-որ ծախսեր կհոգանք: Այդ համերգին ներկա են գտնվելու նաև վիրավոր տղաները, ովքեր խոսք ունեն ասելու, նաև իրենց ծնողները, զոհված տղաների ծնողները: Նպատակ կա նաև այս կերպ նրանց ժամանցն ապահովվի, այսինքն՝ տղաները մի քիչ կլիցքաթափվեն, ծնողներն էլ հիվանդանոցային առօրյայից կկտրվեն»,- ասաց նա:
Համերգի խորագիրը՝ «Շնորհակալություն, հայ զինվոր», պատահական չէ, հասարակությունն այս կերպ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնող տղաներին, նաև ինչ-որ չափով ներդրում է անում կառուցվող այդ կենտրոնում: Համերգի տոմսերն ամբողջությամբ չեն իրացվել, 600-700 տոմս դեռ առկա է: Տոմսերի արժեքը տատանվում է 2000-ից 7000-ի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգի հասույթը կտրամադրվի զինվորների վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը
- Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում