Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն Նախագահ ունի, ով ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։
Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այդ առումով կարևորել են միջխորհրդարանական երկխոսության դերը միջպետական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման գործում:
Հանդիպումների հաճախակիությունը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, վկայում է այն կարևորության մասին, որ երկուստեք տրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշել է, որ սա պարոն Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար` Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:
Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին իր ստորագրությունն է դրել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ. պաշտոնական
- ՀՀ նախագահ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր երկրի հանդեպ վստահության ու հավատի մասին
- Անն Իդալգո․ Փարիզում կբացվի Թումո դպրոց
- Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ բարեփոխումների միջոցով
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա