ՊՆ-ն Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ դիմում չի ստացել
«Ազատ Հայք» ֆեյսբուքյան խմբում հրապարակվել է պահանջ պարունակող լուսանկար. «Սարգիս Հացպանյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում»:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ որքանով տեղյակ է, նախարարությունը նման դիմում չի ստացել:
«Եռաբլուրը պետական պանթեոն է: Այնտեղ հուղարկավորելու համար գոյություն ունի դիմումի համապատասխան կարգ: Ես որքան տեղյակ եմ, որևէ կարգով հստակ դիմում Եռաբլուրում Հացպանյանին հուղարկավորելու վերաբերյալ մենք չենք ստացել»,-ասաց ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը մահացել է հունվարի 20-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Նրա մարմինը, ինչպես հայտարարել են ընկերները, կտեղափոխվի Հայաստան:
Ս. Հացպանյանը մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ 1990-ին Փարաջանովի հրավերով եկել է Հայաստան։ Այնուհետև անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին» և մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանն ու ազատագրությանը։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հացպանյանների ընտանիքը բնակվում է Հայաստանում։