Թորբյորն Յագլանդ․ Բյուջեի վճարումները չպետք է օգտագործվեն որպես քաղաքական գործիք
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ելույթ ունենալով նախօրեին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին իրականացնել իրենց պարտականությունները և բարեխղճորեն համագործակցել Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների հետ:
«Հավասար պարտավորություններ - հավասար իրավունքները միակ հասկացությունն է, որ ընտանիքը կպահպանի միասին»,-ասել է Յագլանդը։
Թորբյորն Յագլանդը ընդգծել է, որ կազմակերպության հիմնական առաքելությունը անհատի պաշտպանությունն է՝ իր սեփական պետության կողմից ուժի կամայական օգտագործումից։
«Այնպիսի հակամարտությունները, ինչպիսիք են Ղրիմի անեքսիայի պատճառով Ուկրաինայի և
Ռուսաստանի միջև առկա հակամարտությունը, չպետք է խանգարեն երկու կողմերին պատասխանատվության ենթարկվել՝ իրենց ժողովրդի իրավունքների պաշտպանության համար»,-ասել է Յագլանդը՝ առանձնացնելով Եվրոպայի խորհրդի արժեքներին ու հեղինակությանն ուղղված սպառնալիքները, որոնց թվում են պոպուլիզմի աճն ու կազմակերպության բյուջեին վճարումների կասեցումն ու կրճատումը, ինչպես արել են Ռուսաստանն ու Թուրքիան։
Յագլանդը զգուշացրեց, որ բյուջեի վճարումները չպետք է օգտագործվեն որպես քաղաքական գործիք: Նա ողջունեց ԵԽԽՎ-ում կազմակերպության կանոնների ներդաշնակեցման համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն ու ԵԽԽՎ անդամներին կոչ արեց պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստեղծված եզակի իրավական տարածքը:
Նշենք, որ ժամանակավոր հանձնաժողովի օրակարգում է Ղրիմի անեքսիայի պատճառով ԵԽԽՎ-ում 2014թ․-ից ձայնի իրավունքից զրկված Ռուսաստանի Դաշնության պատվիրակների իրավունքների վերականգնումն ու ԵԽԽՎ-ին նրանց մասնակցության ապահովումը։