Մայր բուհում Արաբական Միացյալ Էմիրությունների անվան լսարան բացվեց
Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնում հունվարի 23-ին տեղի ունեցավ Էմիրությունների անվան լսարանի բացման արարողություն։ Բացմանը ներկա էին Հայաստանում ԱՄԷ դեսպանը, բուհի և ֆակուլտետի ղեկավարությունը և այլք։
ԱՄԷ դեսպանությունն ԱՄԷ Արտաքին գործերի նախարարության միջազգային օգնությունների շրջանակում տրամադրել է շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար Արաբագիտության բաժնում լինգաֆոնային և թարգմանության համար նախատեսված լսարանի ստեղծման նպատակով։ Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել անհրաժեշտ տեխնիկա և ծրագրեր, ինչպես նաև ժամանակակից գույք։
ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը կարևորեց այս լսարանի բացումը՝ նշելով, որ սա նոր հնարավորություն է ուսանողների համար: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը դեսպանատան և համալսարանի միջև կշարունակվի:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ ԱՄԷ հետ Մայր բուհի համագործակցության հարցում մեծ դերակատարություն ունի Հայաստանում ԱՄԷ դեսպանը, ով մեծ ուրախությամբ արձագանքեց համագործակցությանը: «Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կխորանա, նոր ծրագրեր կլինեն, ինչից շահողը ԵՊՀ ուսանողներն են»,- ասաց նա:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ իրենց ֆակուլտետում արաբերեն դասավանդվում է ավելի քան հիսուն տարի, և դասավանդումը միշտ բարձր մակարդակի վրա է դրված եղել: «Այս տարի լրանում է մեր ֆակուլտետի հիսունամյակը, արաբերենը եղել է և շարունակում է մնալ այն հիմնական լեզուներից, որ դասավանդվում է այս ֆակուլտետում: Ես վստահ եմ, դասավանդման որակը, մակարդակը նոր հորիզոններ է ընդգրկելու, քանի որ հիմնադրվում է մի լսարան, որ հագեցած է նորագույն տեխնիկայով, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան ոչ միայն գրքերի, տետրերի, գրատախտակի միջոցով, այլև նորագույն մեթոդներով՝ աուդիո, վիդեո հնարավորություններն օգտագործելով՝ սովորել արաբերեն»,- ասաց նա:
Մելքոնյանի գնահատմամբ՝ այս լսարանը նաև կրոնական երկխոսության և բարեկամության յուրահատուկ մի հարթակ է, երբ իսլամադավան երկիրը օգնում է քրիստոնեադավան երկրի գլխավոր բուհի՝ էլ ավելի բարձր որակի արաբագետներ, արևելագետներ պատրաստելու գործում: Նրա խոսքով՝ այս համագործակցությունը նաև հերքում է իսլամադավան այլ երկրի՝ հարևան Թուրքիայի այն հայտարարությունները, որոնք միտված են ոչ թե կրոնական երկխոսությունը խորացնելու, այլ անջրպետները էլ ավելի շատացնելուն:
Հայաստանում ԱՄԷ Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին նշեց, որ լսարանի բացումը փոքր օգնություն է Էմիրությունների ժողովրդից՝ հայ ժողովրդին: «Մենք ուզում ենք միշտ օգնել բոլոր ոլորտներում մեր բարեկամ հայ ժողովրդին: Մեր առաջնահերթությունը կրթության և առողջապահության ոլորտներն են, հուսանք՝ այս լսարանը կօգնի ուսանողներին՝ բարելավել իրենց հմտությունները արևելագիտության ֆակուլտետում»,- ասաց նա:
Դեսպանը նաև հույս հայտնեց, որ մշակութային հարաբերությունները կլավանան, և համալսարանների միջև համագործակցությունը կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները