ՀՀ նախագահ․Միջազգային հանրությանը խնդրում ենք Ադրբեջանին բերել իրատեսական դաշտ
«Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները ցանկանում են հնարվորինս շուտ հակամարտությունն ավարտվի, սակայն այդ ցանկությունների միջև հսկայական տարբերություն կա»,-այս մասին Այսօր ԵԽԽՎ-ում ելույթից հետո ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչ կարող է միջազգային հանրությունն անել ԼՂ հակամարտության կարգավորման համար։
Նախագահը նշեց, որ բանակցությունների խոչընդոտը հիմնականում հանդիսանում են Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ իրատեսական ակնկալիքները բանակցային ելքից։
«Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին՝ ազատվելու պատրանքներից ու գալու իրատեսական դաշտ, ապա մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների։ Իրոք, այս կոնֆլիկտը խոչընդոտում է մեր ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ ու անհրաժեշտ է այս հակամարտությունը լուծվի։ Բանակցային պրոցեսին խոչընդոտում է նաև հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում»,-ասաց նախագահը։
Սերժ Սարգսյանը խոսեց նաև 2016թ․-ին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններից, որի նպատակն էր զենքի ուժով իր կազմ վերադարձնել Արցախը։ Նա նշեց, որ 2016թ․-ի ապրիլից հետո կայացան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հանդիպումներ, որոնցում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ բանակցություները շարունակելու լավագույն միջոցը վստահության էլեմենտներ ստեղծելն է։
«Որոշվեց ստեղծել հրադադարի հետաքննության մեխանիզմ, ընդլայնել ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունները, թուլացնել լարվածությունը, ինչը տեղի չունեցավ, քանի որ հանդիպումներից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում էին, որ դրանք իրենց հայտարարությունը չեն, այլ համանախագահներինն են և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է։Այս դեպքում ակնկալել շուտափույթ լուծում, բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ։ Մենք խնդրում ենք բոլորին՝ կողմերին բերել իրատեսական դաշտ»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան