ՀՀ նախագահ. Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների
«Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»,-այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ ունենալուց հետո պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին:
«Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարելու վերաբերյալ: 2008-ին իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնցի հայ-թուրքական հարաբերությունների հրապարակայնացումը, արդյունքում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի նախագահների միջև»,-ասաց ՀՀ նախագահը:
Նա հիշեցրեց, որ 2009-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ կողմերը ստորագրեցին երկու փաստաթուղթ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններ սկսելու մասին:
«Փաստաթղթերում էլ հստակ նշված էր, որ հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների, բայց մինչև օրս էլ թուրքական կողմը շարունակում է նախապայամններ առաջադրել: Միջազգային պրակտիկայում մենք նման նախադեպի չենք հանդիպել, բոլոր հարցերը բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրել: Ինը տարի շարունակ մենք լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլ ձեռնարկելու մասին: Մինչդեռ փաստաթղթում նշվում է, նախ հաստատել հարաբերություններ, ապա անդրադառանալ երկու երկրների միջև եղած կնճռոտ հարցերին»,-ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը երբեք որևէ նախապայմաններ չի կարող ընդունել:
«Այո, Թուրքիան հզոր պետություն է, հզոր պոտենցիալ ունի, բայց դա թույլ չի տալիս, որ նա Հայաստանի հետ խոսի ուժի դիրքերից, նախապայմանների լեզվով: Մենք չենք ընդունում նման մոտեցումը»,-ասաց ՀՀ նախագահը:
Նա նկատեց, որ Թուրքիայից հզոր ու առավել մեծ բնակչություն ունեցող երկրներն կան, կարծիք հայտնեց, եթե նրանք էլ ուժի դիրքերից խոսեն Թուրքիայի հետ, ապա վերջինիս համար նման մոտեցումն անընդունելի կլինի:
«Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմնաի զիջումների»,-ասաց երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ մինչև գարուն հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են ճանաչվելու, ամեն դեպքում ցանկություն հայտնեց, որ Թուրքիան հրաժարվի որդեգրած քաղաքականությունից:
«Շատ ցանկալի և ճիշտ կլինի, որ Թուրքիան փխրուն տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար հրաժարվի նման դիրքորոշումից ու Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016-ի ապրիլին միակ երկիիրն էր, որ հրապարակավ սատարում էր Ադրբեջանի ռազմական գործողությունները»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)
- Սերժ Սարգսյան. Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»
- Սերժ Սարգսյան. Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան