«Ելք»-ը փորձում է ստիպել, որ կառավարությունն աշխատի. փորձագետ
«Ելք» դաշինքի գործողությունները բերեցին նրան, որ ի վերջո խորհրդարանում գնաճի թեմայով լսումներ կազմակերպվեցին, սակայն մյուս կողմից հարց է՝ լուծումը ո՞րն է լինելու: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Թևան Պողոսյանը:
«Մենք արհեստական թանկացումների դեմն առնող հատուկ կառույցներ ունենք: Նրանք պետք է անհիմն թանկացումներ սկսած ձեռնարկատերերին ասեն՝ մենք հաշվարկել ենք, տեսել, որ դու գերշահույթներ ես ստացել: Մենք ունենք ընդհանուր խնդիր, և դա այն է, որ մեր տնտեսական զարգացման մոդելը սխալ է: Կառավարության առջև տնտեսական մոդելի զարգացման հարց պետք է դնել»,- նշեց բանախոսը:
Թևան Պողոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակում «Ելք»-ն անում է այն, ինչ հնարավոր է, մասնավորապես, խմբակցության 9 պատգամավորները բարձրաձայնում են թանկացումների մասին, գործողություններ են նախաձեռնում նաև փողոցում, փորձում «նստել կառավարության շնչին»:
«Այդ իմաստով նրա քաղաքականությունը ճիշտ է՝ փորձել ստիպել, որ կառավարությունն աշխատի: Հարցը, սակայն, արդյունավետությունն է: Եթե նույնիսկ խորհրդարանական 12 լսումներ էլ կազմակերպվեն, բայց դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ տեղի չունենան, ոչինչ չի փոխվի»,- ասաց նա:
Լրագրողները Թևան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ իր դիտարկմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում այսօր սպասվելիք ելույթը հրաժեշտի՞, թե ցտեսության խոսքը կլինի: «Դա լինելու է ՀՀ նախագահի խոսքը ԵԽԽՎ-ում: Դա ոչ հրաժեշտի, ոչ էլ ցտեսության խոսք չի լինելու: Հրաժեշտի խոսքն այստեղ են ասում: Մենք ԵԽԽՎ-ում հազարավոր խնդիրներ ունենք՝ Ադրբեջանի, մարդու իրավունքների հետ կապված: Ինձ թվում է՝ այս ելույթն այլ հիմքերի վրա պետք է գնահատել: Պետք է տարածաշրջանային խնդիրներից խոսել»,- ընդգծեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Գնաճի թեմայով լսումները տապալվել են. Արայիկ Հարությունյան
- Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան
- Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
- Փաշինյան. Հաջորդ երթը կանցկացնենք փետրվարի 5-ին
- «Ելք» դաշինքի երթ-ակցիան մեկնարկել է
- Փաշինյան. Եթե երթը հնչեղ լինի, կկասեցնենք հետագա թանկացումները
- Թանկացումների դեմ բողոքի հարցում փողոցը մեծ ազդեցություն պետք է ունենա. Արայիկ Հարությունյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի