Կրիպտոարժույթը հնարավորություն է տալիս մարդկանց միասին համագործակցել և հավասար վաստակել. փորձագետ
Կրիպտոարժույթը հնարավորություն է տալիս մարդկանց ստանալ իրենց վաստակած գումարն առանց որևէ միջնորդի, քանի որ կրիպտոարժույթը սահմաններ չի ճանաչում: Երևանում այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց բիթքոինի միջազգային փորձագետ Նիք Սպանոսը:
Ըստ նրա՝ տվյալ փոխարժեքը օգնում է մարդկանց միասին համագործակցել և հավասար վաստակել:
«Այսինքն՝ կրիպտոարժույթը միայն մեծ ընկերությունների համար չէ, այլ սովորական մարդկանց, փոքր բիզնեսի համար է»,- նշեց փորձագետը:
Նիք Սպանոսի խոսքով՝ բիթքոինով, երբ կատարվեց առաջին գործարքը, այն ժամանակ տվյալ արժույթը որևէ արժեք չուներ, բայց աստիճանաբար ավելի շատ մարդիկ սկսեցին հետաքրքվել այդ արժույթով և սկսեցին բիթքոինը փոխանակել այլ արժույթներով: «Գնալով ավելի շատ մարդիկ ցանկացան գործարքներ կատարել, համացանցում էլ բիթքոինով գործարքներն ավելացան, նույնիսկ որոշ կայքեր ընդունում էին միայն բիթքոին իրենց գործարքների համար: Երբ բիթքոինի արժեքը 70 սենտ էր, մարդիկ կարծում էին, որ պետք է վաճառեն, քանի որ կարծում էին՝ փոխարժեքը շատ բարձր է, իսկ երբ այն դարձավ 7 դոլար, մարդիկ ասում էին, որ բիթքոինը պղպջակ է»,- ասաց փորձագետը:
Նա նաև նշեց, որ այսօր գոյություն ունի 21 մլն բիթքոին, բայց աշխարհի բնակչության թիվը մի քանի միլիարդ է: