ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հորդորեց հանդարտվել
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը ՀՀ նախագահին հարց ուղղեց Խոջալուի դեպքերի մասին, Հայաստանին մեղադրեց միջազգային կառույցների ընդունած բանաձևերի պահանջներն ու ստանձնած պարտավորությունները չկատարելու, էթնիկ զտումների, Ադրբեջանի տարածքները «գրավելու» համար:
Սերժ Սարգսյանը նրան հորդերոց հանգստանալ ու հանդարտվե;լ. «Նախ ես ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ, և ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ եղել եմ պատերազմի առաջնորդ: Ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:
Անդրադառանալով հարցի Խոջալուի հատվածին՝ ՀՀ նախագահն ասաց. «Ինչո՞ւ ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք Ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Գիտե՞ք, ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է: Եվ կարծում եմ, ինչ-որ միտում կա Ադրբեջանում անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը: Գիտեք, դա անթույլատրելի մի բան է, ինչի՞ է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել հատկապես հայերի կողմից»:
Ինչ վերաբերում միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավարությունների չկատարման մասին պնդմանը, ապա ՀՀ նախագահն ասաց՝ ադրբեջանցի պատգամավորը սխալվում է:
«Չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որևէ որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձևերը: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ որ դուք ընկղմվում եք մի թեմայում, իրոք ընկղմվեք ու ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993 թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձևեր ԼՂ հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ նա չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, և ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի այդ չորս բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, և Հայաստանը, ի պատիվ այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, կատարել է այդ հանձնառությունը:
«Իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, չի դադարեցրել ռազմական գործողությունները: Եվ ինչպես գիտեք, 1994 թվականին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, և ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձևերի: Բայց ցավոք սրտի, այդ պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում»,-ասաց ՀՀ նախագահը:
Նա հիշեցրեց, որ հրադադարի ռեժիմը շատ հստակ ամրագրում է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել:
«Բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնեք Ղարաբաղը: Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության, ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես դրանում համոզված եմ»,-պատասխանն ամփոփեց ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ․Միջազգային հանրությանը խնդրում ենք Ադրբեջանին բերել իրատեսական դաշտ
- Սերժ Սարգսյան․ 2008-ին մեզ սպառնում էին պատժամիջոցներ, իսկ այսօր խոսում ենք ձեռքբերումների մասին
- ՀՀ նախագահ. Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ
- Էմանուել Մակրոն. ԼՂ հարցի լուծումը «քաջ կոմպրոմիս» պետք է լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան