Փաստաբանների դիրքորոշումը քննարկման առարկա կդառնա
Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Սարդարյանը և Տիգրան Խուրշուդյանը հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին և քննարկել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման հետ կապված հարցերը:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները հնչեցրել են իրենց փաստարկները և մտահոգությունները, մասնավորապես նշելով, որ՝
- որևէ փոփոխություն կատարելու դեպքում, պետք է լինի դրա անհրաժեշտությունը: Մինչդեռ փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագիծը տուգանքի միջոցով զսպելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այսօր գործում է փաստաբանների պալատի միջոցով այդ հարցը լուծելու հնարավորությունը:
- Նախագծով չի սահմանվել երաշխիք փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ, եթե փաստաբանը գործում է իր մասնագիտական չափանիշներին համապատասխան.
- Նախագծի համաձայն՝ դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը.
- գործող ՀՀ դատական օրենսգրքում նախատեսված է դատական սանկցիայի կիրառում դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու համար, մինչդեռ նախագծում «օրինական» եզրույթը հանվել է: Սա լրացուցիչ խնդիր կարող է առաջացնել, եթե դատավորը որոշի, որ կարող է ցանկացած բնույթի կարգադրություն տալ փաստաբանին, իսկ դա չկատարելու դեպքում՝ սանկցիա կիրառել նրա նկատմամբ.
- դատարանի և փաստաբանի միջև փոխհարաբերություններում փաստաբանների պալատի մասնակցությունը երաշխիք է, որպեսզի ոչ բարեխիղճ դատավորը չկաշկանդի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը և անկախությունը:
ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորելով փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում, հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը կներկայացնի հանձնաժողովի մյուս անդամներին և քննարկման առարկա կդարձնի:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
- Հունվարի 24-ին Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են անելու
- Լոռու մարզի փաստաբանները գործադուլ են հայտարարել
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը