Ռուբեն Վարդազարյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ԺՊ
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի այսօրվա որոշմամբ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Միաժամանակ դատական դեպարտամնետից Panorama.am-ը տեղեկանում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն այսօր հայտարարություն է տարածել վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:
«Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն թվականի փետրվարի 8-ը), հավակնորդները կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:
Հայտերը ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/»,-ասված է հայտարարության մեջ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ստեղծված իրավիճակը նախօրեին որակել էր իրավական կազուս:
«Ինչպես գիտենք, հունվարի 25-ից ստեղծվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ Երևանի վարչական շրջանների դատարանները լուծարվում են:
Լուծարվող դատարանների նախագահները և դատավորները շարունակելու են պաշտոնավարել որպես նոր ստեղծվող դատարանի դատավորներ, սակայն ամեն դեպքում, հաաձայն Սահմանադրության, Նախագահը իր հրամանագրով պետք է դադարեցնի լուծարվող դատարանների նախագահների և դատավորների լիազորությունները և նշանակի նրանց որպես նոր ստեղծվող դատարանի դատավորներ:
Մինչև հունվարի 25-ը Նախագահը դա չի կարող անել, քանի որ դե յուրե Երևանի դատարան դեռ գոյություն չունի, իսկ եթե գոյություն չունի, ուրեմն նշանակում լինել չի կարող: Դատավորներ նշանակելու Նախագահի հրամանագիրը անհատական իրավական ակտ է և ուժի մեջ է մտնում դրա հասցեատերերի իրազեկման պահից, ինչից ելնելով պետք է ենթադրել, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը այդպիսի իրազեկում լինել չի կարող, ինչպես նաև ենթադրում եմ, որ Նախագահը այդ հրամանագիրը կստորագրի հունվարի 25-ի առավոտյան՝ աշխատանքային օրվա սկզբին:
Կարծես ընդամենը ձևականություն է, սակայն առկա է կազուս՝ հունվարի 25-ի ժամը 00.01-ից մինչև առնվազն առավոտյան ժամը 09.00-ն Երևանում դե յուրե դատավոր չի լինելու և եթե որևէ մի անձի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի ունենա այդ ժամերին, ապա դա կլինի ապօրինի կամ պարզ ասած, նա կարող է պահանջել իրեն ազատ արձակել այն հիմնավորմամբ, որ իրեն չեն բերել դատավորի մոտ (habeas corpus): Բացի այդ, այդ ժամերին չի կարող քննարկվել նաև որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառման թույլտվության միջնորդություն, ուստի եկող գիշերը կարելի է անպատիժ կաշառք վերցնել)))) Դե իհարկե էդքան էլ անպատիժ չէ և այդքան միանշանակ չէ, բայց փողը ձեռքին չինովնիկին բռնել գրեթե չի կարելի»,-գրել էր փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորին լուրջ կախման մեջ են դնում դատարանի նախագահից. Հայկ Ալումյան
- Միջազգային պրակտիկայում դատավորների քանակն են ավելացնում, ոչ թե գործերը տեղաբաշխում են նրանց մեջ. Կոստանյան
- Վարք նախարարությունների -3
- Արդարադատության փոխնարարն առաջարկում է ընդհանուր իրավասության 4 դատարաններում ավելացնել դատավորների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան