Գործնականորեն որևէ տարբերություն չկա՝ հայ-թուրքական հարաբերություններն ուժի մեջ կմնան, թե ոչ. Գոչունյան
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը արտերկրում տպագրվող ամենահին թերթն է: Այն հրատարակվում է 1908 թվականից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ հավելելով, որ Հայաստանում թերթի 110-ամյակը նշվելու է վաղը:
Հոբելյանական միջոցառումն ըստ արժանվույն կազմակերպելու համար բանախոսը երախտագիտություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարր Հրանուշ Հակոբյանին:
Գոչունյանը հիշեցրեց, որ մեկ դարից ավելի պատմություն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարևորագույն իրադարձությունների, այդ թվում՝ վերապրել է Հայոց Ցեղասպանությունը: Թերթի շատ հողինակներ զոհ են գնացել թուրքական պետության ոճրագործությանը:
Ինչ վերաբերում է թերթի տպաքանակին, ապա այսօր, խմբագրի տեղեկացմամբ, այն մոտ է 1000-1500-ին, այն դեպքում, երբ հիմնադրման օրերին «Ժամանակը» լույս էր տեսնում 15 հազար օրինակով:
Օրաթերթի 110-ամյա ճանապարհորդության ամենամեծ ձեռքբերումը խմբագիրը համարեց խորը ավանդույթների շարունակողը մնալը: «Մենք նաև փորձում ենք ժառանգության վրա ինչ-որ նոր բան ավելացնել»,- շեշտեց խմբագիրը՝ ընդգծելով, որ «Ժամանակ»-ն ակամայից առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին՝ որքան էլ դրանք նվազ են կամ աննշմար:
Արա Գոչունյանն ուրախություն հայտնեց, որ թեև փոքր դադարներ եղել են, սակայն այսօրվա դրությամբ «Ժամանակը» փակվելու վտանգի առջև կանգնած չէ: Մինչդեռ արևմտահայերենի գոյության լուրջ մարտահրավերի առջև է, և Հայաստանում տարեցտարի ավելի լավ են գիտակցում դա:
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ արձագանք է գտել թուրքական մամուլում ՀՀ նախագահի՝ ԵԽԽՎ-ում երեկ վերահաստատած այն միտքը, որ գարունը դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների, Գոչունյանը պատասխանեց.
«ՀՀ նախագահին հարց տվող թուրք խորհրդարանական Թյուրուլ Թյուրքեշը մինչև վերջերս «Գորշ գայլեր»-ի կոսակցությանն էր պատկանում, սակայն ավելի ուշ անցավ «Արդարություն և զարգացում» կուսակցություն, մի ընթացք զբաղեցրեց Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը: Գործնականորեն որևէ տարբերություն չկա՝ հայ-թուրքական հարաբերություններն ուժի մեջ կմնան, թե ոչ: Մյուս կողմից, Երևանի նախաձեռնությունը չի կարելի ստորադասել: Այս պահի դրությամբ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բնականոնացման պահը հասունացած չէ, այդ բեկումնային պահից բավականին հեռու ենք»,- նշեց թերթի խմբագիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում