Հանքարդյունաբերության ոլորտի բաց և հասանելի տեղեկատվությունը կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հիմնավորման համաձայն՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում որոշակի առումով առկա է տվյալների հրապարակայնություն, սակայն դրանց իրավական հիմքերը հասկանալի չեն, ինչպես նաև առկա չէ համապատասխան տեղեկատվության հրապարակման համակարգվածություն կամ սկզբունքայնություն:
Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ԱՃԹՆ ստանդարտին՝ ՀՀ-ում դրա սահուն իրականացման նպատակով:
Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրի կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպությունը և վերլուծության արդյունքում կպատրաստի հանրային զեկույց: Օրինագծերով սահմանված փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կներդրվեն թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ: Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, փոփոխություն կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ սահմանելով ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերիի վերաբերյալ: