Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել դիզելային վառելիքը
Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել հողօգտագործողներին տրամադրվելիք դիզվառելիքը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Չնայած դիզելային վառելանյութի սուբսիդավորում նախատեսված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստում ենք ծրագիր, որով կշարունակենք սուբսիդավորումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ չափաքանակի և վերջնական գնի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Իգնատի Առաքելյանն անդրադառնալով դիզվառելիքի գների բարձրացմանն՝ ասաց, որ դիզվառելիքի գնի մինչև 440 դրամի բարձրացումն էականորեն չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա:
«Կարտոֆիլի, խաղողի, լոլիկի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենում, մինչև 1-1.5 դրամ, այսինքն՝ դա էական չի: Ցորենի, կերային մշակաբույսերի ու հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ են կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա: Դրանից ելնելով էլ գտնում ենք, որ պետք է այս տարի շարունակենք դիզվառելիքի սուբսիդավորումը»,- ընդգծեց նա: