Անվտանգության խորհուրդը կգլխավորի վարչապետը
Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է համաձայն ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների՝ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
Օրինագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթները և լիազորությունները, սահմանվել է խորհրդի կազմը, կարգավորվել են գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվել է Անվտանգության խորհրդի և ամրագրվել է, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թ. փոփոխություններով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: