Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել. վարչապետ
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև փոխգործակցության և ամուր կապերի առկայության տեսանկյունից:
Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, և կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է «Ակցիոնա» ընկերության հետ
- Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար
- Ժան Իվ Շարլիե. Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին
- Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ. Կարեն Կարապետյան