Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձով. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդեռլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը:
Վարչապետը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:
Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ փոխգործակցության մեծ ներուժ է առկա: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Էստոնիայի փորձով. Կարեն Կարապետյան
- Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել. վարչապետ
- Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է «Ակցիոնա» ընկերության հետ
- Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար
- Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ. Կարեն Կարապետյան