Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը վստահեցրել է՝ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
«Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Անդրադառնալով 2017թ. Հայաստանում արձանագրված արդյունքներին և միտումներին՝ Շինիչի Կիտաոկան դրանք բավականին տպավորիչ է համարել:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ տեխնիկատնտեսական հաշվետվություն (feasibility study) իրականացնելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու ոլորտը համաշխարհային արժեքային շղթայի հետ կապելը, ինչը կնպաստի հայկական գյուղարտադրանքի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմանը:
Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձով. վարչապետ
- Հայաստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Էստոնիայի փորձով. Կարեն Կարապետյան
- Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել. վարչապետ
- Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է «Ակցիոնա» ընկերության հետ
- Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար
- Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ. Կարեն Կարապետյան