Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվում են. Փոխնախարար
«Մեզ համար միևնո՞ւյն է՝ ինչ սերմ կբերեն, կցանեն, սերմերի որակի ու տեսակի առումով գոնե ինձ համար խնդիրներ են առաջանում»,-արձագանքելով գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ելույթին՝ հարցրեց Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Փոխնախարարը բացատրեց, որ ասել է՝ շուկան ազատականացված է, բայց դա չի նշանակում, որ օրենսդրական կարգավորումներ չկան:
«Հակառակ, մենք ունենք օրենք բույսերի մասին, որով կարգավորվում են գոյություն ունեցող բույսերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, փոխադրումների, պահպանման, իրացման ու օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները»,-մանրամասնեց ԳՆ ներկայացուցիչը, ավելացնելով, որ այդ օրենքը չի տարածվում գենային ինժիներիայով ստեղծված և ԳՁՕ համարվող սորտերի գրանցման, արտադրության, հավաստագրման վրա:
Նա կարևորեց, որ ՀՀ սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ում, Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվել են, ուսումնասիրվել են դրանց արդյունավետությունը:
«ԳՁՕ-ները, պարոն Հարությունյան, այս պահին գիտության զարգացման, նվաճման ճյուղերից մեկը կարելի է համարել»,-ասաց փոխնախարարը:
Նա բերեց 2012-ի ուսումնասիրության արդյունքներ, ասաց, որ իր ձեռքի տակ ունեցած վերջին տվյալները դրանք են. «Աշխարհի 29 երկրում ԳՁՕ սերմերով մշակում են շուրջ 170 մլն հա տարածք, որից ԱՄՆ-ում՝ 69 մլն հա: Դա կազմում է մշակովի հողատարածքների 10 տոկոսը: Հայաստանում մենք ունենք հողային սահմանափակ ռեսուրս, մեր հիմնական նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը, որպեսի աշխարհում ունենանք մեր բարձրորակ, համով, հոտով մթերքը: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ուսումնասիրենք մեր խնդիրները, ռիսկերը, լուծենք ու գնանք այդ ճանապարհով»:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում են լսումներ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով:
Հայաստանում խնդրի մասին առավել շատ ու ակտիվ սկսեցին խոսել ու քայլեր ձեռնարկել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ամերիկաբնակ Սերժ Թանկյանի՝ Հայաստանին ուղղված կոչից հետո, նա խնդրում էր հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունից:
«Կան ապացույցներ, որ այդ ընկերության թունաքիմիկատները թունավորել են շրջակա միջավայրը՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց պատրաստած գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները գուժում են օրգանիկ սննդի վերջի մասին: Դրանք վտանգավոր են ու ահավոր հոտ ունեն»,-հայտարարել էր Թանկյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան