ՄԽ շրջանակներում հանդիպումների ակտիվացումը քիչ տեղ է թողնում ՌԴ-ի ստվերային դիվանագիտության համար. վերլուծաբան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը, առաջին հայացքից անվտանգ է, սակայն իրականում վտանգավոր ելևէջներ է պարունակում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
«Ռուսաստանը հրաշալի հասկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպումների ակտիվացումը քիչ տեղ է թողնում իր ստվերային դիվանագիտության համար։ Ակտիվ հանդիպումների ֆոնին այդ երկիրը ստիպված է լինում իր մաքոքային դիվանագիտությունը համադրել ՄԽ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Մինչդեռ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպումները ուշ-ուշ են տեղի ունենում, ՌԴ-ն ժամանակային մեծ միջանցք է ունենում ինքնուրույն գործընթաց տանելու համար։ Իսկ եթե հանդիպումները հաճախակիանան, Ռուսաստանը բնականաբար զրկվում է մաքոքային դիվանագիտություն իրականացնելու հնարավորությունից»,- նշեց վերլուծաբանը։
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ հակամարտության կարգավորման գործընթացը 2012-ին դադարեցվեց, գրեթե 2 տարի հանդիպումներ տեղի չէին ունենում։ Իսկ հետո այս փուլին հաջորդեցին 2014 թվականի ամռան սրացումները։
«Բայց ստացվում է, որ այդ ընթացքում Ռուսաստանը մեծ թվով խնդիրներ լուծեց։ Եվ հենց այդ ընթացքում էր, որ հասունացավ «Լավրովյան պլանը»։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպումներ ուշ-ուշ են լինում կամ չեն լինում, ուղենիշեր չեն սահմանվում, և Ռուսաստանին որևէ բան չի կաշկանդում անել այն, ինչ ուզում է անել»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը:
Նման տեսակետ նա հայտնել էր՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է արդյոք ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
«Իմ կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, որ դրանով բոլորը կզբաղվեն»,- ասել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին