Սահմանին լարվածությունը պահելով՝ Ադրբեջանն ուզում է հայ հասարակությանը դուրս բերել իշխանության դեմ. Վաղարշակ Հարությունյան
Պատերազմն ընդհանրապես ռեսուրսների պատերազմ է, ուստի որոշում ընդունելիս միշտ պետք է գնահատել քայլերի արդյունավետությունը և գինը, թե որքան կարժենան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ են ադրբեջանցիները էժանագին զենքեր կիրառում: Նա ասաց, որ ադրբեջանցիներն ունեն սարքեր, որոնք ավելի թանկ են, շատ թանկ:
«Դա կոչվում է հարվածային անօդաչու սարք, բայց ինչու՞ են գնում այդպիսի բանի. ուղղակի էժան գնով ուզում են լարվածություն պահել, դրա համար, ասենք, բաժակի մեջ նռնակը դնում են, այդ հասարակ, էժան սարքը գալիս է, գցում է բաժակը, այն կոտրվում է, նռնակի ճկանը ազատվում է, պայթում է: Պրիմիտիվ է, բայց նպատակը դա է»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ ադրբեջանցիները նաև գիտակցում են՝ պետք չէ թանկ միջոցներ կիրառել, որովհետև կխփվի այդ սարքը, և իրենք կորուստներ կկրեն:
Նախկին նախարարը չբացառեց, որ ադրբեջանցիների ձեռնարկած վերջին դիվերսիոն փորձը պատասխան էր ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին: «Բայց դուք նկատել եք, չէ՞, որ երկու տարվա ընթացքում մի փորձ եղավ, կորուստներ ունեցան, դրանից հետո էլ չէին արել, հիմա նորից փորձեցին: Ադրբեջանը հետապնդում է հետևյալ նպատակը, նա գիտակցում է, որ լայնածավալ պատերազմ սկսել ու հաղթանակի հասնել ի վիճակի չէ, բայց միևնույն ժամանակ ուզում է լարվածություն պահել շփման գծում»,- ասաց նա:
Հարությունյանը շեշտեց՝ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո վերահսկող սարքերի տեղադրմանն Ադրբեջանում չեն համաձայնում, որովհետև կբացահայտվի, որ հրադադարը խախտողն իրենք են, իսկ իրենց մարտավարությունն է՝ սահմանին միշտ լարվածություն պահել, որը կբերի բանակի թուլացման, հասարակությունը, լարվածությունից հոգնած, դուրս կգա իշխանության դեմ:
«Լրատվական պատերազմ է, նրանք փորձում են հասարակության միջոցով քաղաքական իշխանության վրա ճնշում գործադրել, որ նրանք Ղարաբաղի հարցում զիջումների գնան»,- նշեց նախկին նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան