The Wall Street Journal. Թրամփը կասի՞ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, Անհրաժեշտ է ևս մեկ խիզախ քայլ կատարել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին ամերիկյան «The Wall Street Journal»-ում գրել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը՝ փաստաբան Ռոբերտ Մորգենթաուն:
Ըստ Ռոբերտ Մորգենթաուի՝ համաշխարհային գերտերությունները գրեթե չեն դիմադրել կոտորածներին, իսկ ավելի ուշ Թուրքիայի ժխտումներն այն դարձրել են «մոռացված ցեղասպանություն»:
«Թուրքիան դեռ հրաժարվում է առերեսվել իր պատմությանը: Ամերիկյան կառավարությունը նույնպես պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել հայերի կոտորածների փաստին: Ամերիկյան իշխանությունները տրվել են թուրքական ճնշումներին և հետևողականորեն չեն հաստատել մի պարզ փաստ. հայերի կոտորածները պատմության ընթացքում տեղի ունեցած մի դժբախտություն չէին, այլ համակարգային ցեղասպանություն:
Այդ քաղաքականությունը զարմանալի չի եղել՝ հաշվի առնելով դիվանագետների զգուշավոր և հավասարակշիռ էությունը: Բայց նախագահ Թրամփը, Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք, կարծես նոր ժամանակաշրջան է ազդարարում: Այժմ վերջապես Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը համապատասխանում է իր սկզբունքներին և պատմական փաստին»,-գրել է Մորգենթաուն՝ նշելով, որ դա իրեն լավատեսություն է ներշնչում, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել նաև Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը:
Հեղինակը նշում է, որ պատմական իրադարձություններն իր համար չեն սահմանափակվում միայն պատմության գրքերով:
«Պապս՝ Հենրի Մորգենթաուն, ով Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանն էր, շատ արագ հասկացավ, որ դա այնպիսի մասշտաբների կոտորած էր, որ ժամանակակից աշխարհը դեռ չէր տեսել: Նա հայտնեց իր բողոքը Թուրքիայի առաջնորդներին, որոնք պատասխանեցին, որ հայերն Ամերիկայի քաղաքացիներ չեն և հետևաբար՝ դեսպանի խնդիրը չէ: Բացի այդ, նրանք ասացին, որ դեսպան Մորգենթաուն հրեա է, իսկ հայերը՝ քրիստոնյա: Թուրքերն անգամ սպառնում էին ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ նրան հետ կանչելու համար: Դրան հեղինակի պապը պատասխանել է. «Ես ավելի մեծ պատիվ չեմ կարող պատկերացնել, քան հետկանչը, որովհետև ես, որպես հրեա, ինձնից կախված ամենն արել եմ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը փրկելու համար»:
Հոդվածագիրը նշում է, որ ամեն ապրիլ ԱՄՆ նախագահների հայտարարությունները երբեք չեն պարունակել «ցեղասպանություն» բառը՝ հավելելով, որ դա պետք է փոխվի:
«Ես չեմ թերագնահատում նրանց մտահոգությունները, ովքեր ասում են, որ Թուրքիայի զայրույթը կարող է ԱՄՆ-ի շահերի դեմ աշխատել, ինչպես որ ընդունում եմ նրանց, ովքեր ասում են, որ Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելը կարող է բարդություններ առաջացնել խաղաղության շուրջ բանակցությունների համար: Բայց արդար և կայուն աշխարհի կարգը չի կարող կառուցվել ստի և խուսափողականության վրա: Թող նախագահ Թրամփը ևս մեկ անգամ ցույց տա այդ հանձնառությունը՝ հայտարարելով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Դա հստակ ուղերձ կհղի ամբողջ աշխարհում իշխանության մեջ գտնվող ավազակներին. ձեր հանցավոր գործողություններն աննկատ չեն մնա»,- եզրափակել է Ռոբերտ Մորգենթաուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան