Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող սերմեր արտադրող «Մոնսանտո» ընկերությունը Հայաստան հիմնականում ներկրում է բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր: Առավելագույն խմբաքանակը, որ ընկերությունը երբևէ ներկրել է Հայաստան, եղել է 125 կգ: Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԳՁՕ-ների թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ներկայումս չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի ԳՁՕ սերմերի ներկրումը մեր երկիր:
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե սննդամթերքում ԳՁՕ-ների պարունակությունն անցնում է 0.9 տոկոսը, պիտակի վրա անպայմանորեն պետք է մակնշում կատարվի, նշվեն սննդամթերքի սպեցիֆիկ հատկանիշները:
«Հայկական շուկա ԳՁՕ-ների ներխուժումը տեղի է ունեցել դեռ 1990-ականներին՝ մարդասիրական օգնության տեսքով սննդամթերրքի տրամադրման ժամանակահատվածում: Միաժամանակ, այսօր աշխարհում գոյություն ունեն ԳՁՕ-ներ պարունակող հարյուրավոր տեսակների մշակաբույսեր՝ սոյա, դդմիկ, ցորեն, եգիպտացորեն, լոլիկ և այլ մշակաբույսեր: ԳՁՕ պարունակող մշակաբույսեր արտադրվում են աշխարհի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Մեքսիկան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Հարավային Ամերիկայի երկրները, Ճապոնիան, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ՝ սկսած 2012»,- նշեց գյուղատնտեսության փոխնախարարը:
Աշոտ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում կիրառվող սերմերը նախապես փորձաքննության են ենթարկվում, վերլուծվում է դրանց արտադրական արդյունավետությունը, ինչից հետո միայն սերմերը դրվում են լայն կիրառության մեջ: Աշխարհի հողերի տասը տոկոսը զբաղված է ԳՁՕ-ներով:
«Հայաստանում մենք ունենք հողային սահմանափակ ռեսուրս և մեր նպատակն է մեր երկրում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը: Սրանով մենք ցանկանում ենք մրցունակ լինել համաշխարհային շուկայում: Սակայն օրգանիկ գյուղատնտեսության գնալու համար մենք պետք է կշռենք բոլոր թեր և դեմ կողմերը»,- ասաց նա:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին շեշտեց՝ ինքը կողմ է, որ ԳՁՕ-ները Հայաստանում առհասարակ արգելվեն, ինչպես արգելված են աշխարհի մի շարք երկրներում: « ԳՁՕ-ներն արգելված են օրինակ Իտալիայում: Կարծում եմ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն իտալական փորձը»,- հավելեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
- ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար