Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք. բնապահպան
Գենափոխված սերմեր արտադրող «Մոնսանտո» ընկերությունն այդ կերպ ոչ թե Աֆրիկայի կամ ամբողջ աշխարհի սովյալների խնդիրն է հոգում, այլ ընդամենը հսկայական եկամուտներ է հետապնդում: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԳՁՕ-ների թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նման համոզմունք հայտնեց «Տապան էկո ակումբ» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Հրանտ Սարգսյանը:
«Եկեք մեր մասին մտածենք, ոչ թե տրաֆարետ հայտարարություններ անենք՝ Աֆրիկայում սով է: Հայաստանը պետք է զարգացնի սեփական սերմաբուծությունը: Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք, հարգելի կառավարություն: Հայաստանում ամենուր անապատացված, կիսաանապատացված հողեր են: Չենք կարողանում գյուղացուն համոզել աշխատի, որ օգուտ ունենա: Իսկ մենք ուզում ենք առողջ լինել: Եկեք պատանդ չդառնանք «Մոնսանտոյի» ձեռքին: Ամեն ինչ մեր ձեռքում է»,- ասաց նա:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին ընդգծեց՝ աշխարհը կառավարողներն ուղիղ իմաստով ուզում են մարդկային ցեղը ոչնչացնել՝ 8.5 միլիարդ բնակչությունից Երկրագնդի վրա թողնելով ընդամնեը 1 միլիարդ մարդ: «Եվ այդ գործը սկսել են Հայաստանից՝ ԳՁՕ-ների ներդրմամբ: Այսօր ԳՁՕ են բերում, վաղը կբերեն ֆոլաթթուն, իսկ գենափոխված սնունդը բերում է հրեշածնության և մեռելածնության»,- ասաց նա:
Լսումների ավարտին ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԳՁՕ-ների վերաբերյալ քննարկումները շարունակվելու են: «Այսօր քննարկումների մի մասնիկն էր: Այս լսումները պետք է ազգաբնակչությանն օգնեն հասկանալ՝ ինչպիսի իրավիճակ է այսօր: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի բնակչության մոտ փակ քննարկումների հետ կապված մտահոգություններ չլինեն: Պետք է աշխատել հնարավորինս թափանցիկ՝ փարատելու բոլոր կասկածները: Յուրաքանչյուր սպառող պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ իր օգտագործած սնունդը ստուգված է: Սպառողը պետք է վստահ լինի, որ օգտագործում է այն, ինչ մակնշված է սննդամթերքի պիտակի վրա»,- ամփոփեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է. Կարինե Դանիելյան
- Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
- Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները. Լուիզա Սարգսյան
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան