Փաշիկ Ալավերդյան. Պետք է տեղյակ լինել միջազգային ֆեդերացիայի ամեն մի որոշման նրբություններին
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունվարի 28-ին ավարտում է մրցաշրջան 2018-ում առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:
Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է.
«Հունվարի 15-ից ենք Ծաղկաձորում: Հավաքին հրավիրվել են ազգային հավաքականի կորիզը և երիտասարդները: Վերադառնալով Երևան՝ մարզումները փետրվարի 5-ից 20-ը կշարունակենք Օլիմպավանում, որից անմիջապես հետո կանցկացնենք Հայաստանի առաջնությունը:
Այս հավաքին հիմնական ուշադրություն դարձնում ենք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության և ֆունկցիոնալ հնարավորությունների՝ ուժային և արագաուժային, բարձրացման վրա: Բայց չենք մոռանում նաև դասական վարժությունները: Հավաքը ծառայեց նպատակին: Տղաներ կային, որոնք վիրահատությունների և այլ պատճառներով հեռու էին անհրաժեշտ մարզավիճակից և այստեղ արդեն հասել են իրենց մարզավիճակի գրեթե 80 տոկոսին: Ես սովորաբար ծանր մարզումներ եմ անցկացնում մրցումներից մեկ-երկու ամիս առաջ, որպեսզի ծանրորդների տեստոստերոնը բարձրանա բնական ճանապարհով, այլ ոչ թե անաբոլիկների», - ասել է մասնագետը:
Ալավերդյանի խոսքով, ինքն այս անգամ մի փոքր շտապել է, քանի որ առջևում Հայաստանի առաջնությունն է և բացառված չէ, որ մեծահասակների հավաքականը նաև Եվրոպայի առաջնությունում հանդես գա:
«Եթե չմասնակցենք, հարկադրված կլինենք ուրիշ մրցումների մեկնել, որոնք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում չեն: Մեզ դա թույլ տալիս են, որպեսզի մեր ծանրորդներն իրենց ֆիզիկական որակները պահպանեն, մարզավիճակ ձեռք բերեն և աշնանը մասնակցեն աշխարհի առաջնությանը, որն այս տարվանից օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի:
Մենք միջազգային ֆեդերացիայի առջև տարվա ընթացքում մեր ծանրորդների 4-6 անգամ դոպինգ անալիզ հանձնելու պարտավորություն ենք վերցրել, հակառակ դեպքում մեզ կարող են թույլ չտալ մասնակցել օլիմպիական խաղերին: Հիմա հարկավոր է շատ ուշադիր լինել: Հավաքականների մարզիչներն ու ֆեդերացիան պետք է տեղյակ լինեն միջազգային ֆեդերացիայի ամեն մի որոշմանը, իմանան ամեն մի նրբության: Տեսնում եք, որ ներկայումս ամեն մի չնչին բանից կառչում են», - ասել է Փաշիկ Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան