2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն
E-draft.am կայքում հանրային քննարկման է դրված «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թթ ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, առավելապես ազգությամբ հայեր, ինչպես նաև արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել և պաշտպանություն են գտել Հայաստանում:
Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է: Ի տարբերություն Սիրիայի հարևան երկրների՝ Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի համար ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների՝ Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ ԵՄ անդամ որոշ երկրների (Գերմանիա, Ավստրիա), Եվրամիության կառույցներից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել՝ Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ընդունելու և պատշաճ ինտեգրման գործընթաց ապահովելու համար:
2012-2017թթ. ընթացքում ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների, ինչպես նաև անհատ բարերարների շարունակական փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է եղել արձագանքել տեղահանված անձանց ամենաառաջնային մարդասիրական և զարգացման հետ կապված խնդիրներին՝ նպաստելով նրանց հրատապ աջակցության և ինտեգրման բազմակողմանի՝ պարբերական, շարունակական և համապարփակ արձագանք պահանջող գործընթացին: Ներկայում, սակայն, անհրաժեշտ է իրավական կարգավորում տալ այս գործընթացին: Արդյունքում հրատապ և ժամանակավոր լուծումներից անցում կկատարվի առավել կայուն և երկարաժամկետ լուծումների:
Իբրև արդյունք՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կարագացվի Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց հասարակական լիարժեք ինտեգրմանն ուղղված՝ առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտների երկարաժամկետ կարգավորման գործընթացը:
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ Սիրիայում 2011թ. մարտի 11-ին սկսված հակամարտության հետևանքով մահացել է մոտ կես միլիոն մարդ, ավելի քան 12 միլիոն մարդ լքել է իր տունը, որոնցից 5,5 միլիոնը դարձել են փախստական, իսկ 6,3 միլիոնը՝ ներքին տեղահանված: ՀՀ սփյուռքի նախարարության տնօրինության տակ գտնվող տեղեկությունների համաձայն՝ ներկայումս 22-25 հազար հայ շարունակում է բնակվել Սիրիայում, որոնք երկրում տիրող իրավիճակի բարդությունից կախված՝ մաս-մաս տեղափոխվում են Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունը 1999թ.-ից սկսած պաշտպանություն է տրամադրում միջազգային պաշտպանության կարիք ունեցող` այդ թվում նաև հայազգի օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002թ.-ից)` 1450, իսրայելա-լիբանանյան հակամարտության հետևանքով (2006թ.)` 650, վրաց-օսեթական հակամարտության հետևանքով (2008թ.)` 207, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով (սկսած 2014թ.-ից)` 255 անձինք ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ:
Հայաստանը մեկ բնակչի հաշվով ավելի մեծ թվով տեղահանված անձանց է հյուրընկալել՝ 1.000 բնակչի հաշվով մոտ 8 տեղահանված անձ։ Համամասնորեն այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան Գերմանիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում։ Որպես համեմատություն՝ մոտ 38 մլն. բնակչություն ունեցող Լեհաստանը, համաձայն ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների, պետք է տեղավորի ընդամենը 12 հազար փախստական:
ՀՀ կառավարությունը պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն է շնորհում սիրիահայերին՝ պատերազմական իրավիճակից փրկվելու, Սիրիայից Հայաստան տեղափոխվելու և Հայաստանում ինտեգրման գործընթացը հեշտացնելու նպատակով։ Ըստ այդմ, 2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 2000-ից ավելին ստացել է կացության կարգավիճակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ Սիրիական հակամարտության սկզբից ի վեր մոտ 1000 հոգի դիմել է ապաստան ստանալու հայցով, 747 հոգու շնորհվել է փախստականի կարգավիճակ:
Սակայն, հաշվի առնելով, որ փախստականի կարգավիճակ ունեցողների մի մասը հետագայում ստացել է ՀՀ քաղաքացիություն կամ հրաժարվել է այդ կարգավիճակից՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Սիրիայից փախստականների դե յուրե թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 626 հոգի:
Տեղահանված անձանց՝ բացի Սիրիա վերադառնալուց, այլ երկրներ տեղափոխվելու միտումն ակտիվ չէ: Կան ոչ մեծ թվով ընտանիքներ, մարդիկ, որ նախորդ ժամանակահատվածում տեղափոխվել են երրորդ երկրներ՝ օգտվելով Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում կամ այլ երրորդ երկրում բնակեցման կամ իրենց ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություններից: Մինչդեռ, Տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է: Յուրաքանչյուր ամիս շուրջ 40 հոգի նորից տեղափոխվում է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան