Սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ մեծանում է պետության պատասխանատվությունը. Արա Բաբլոյան
Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարքում սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները ևս մեկ վկայություն են, որ մեր երկիրը հստակ և հաստատակամ քայլեր է իրականացնում՝ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին: Հունվարի 27-ին «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ հատկապես վերջին տարիներին Կառավարությունը ձգտում է որակապես բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները:
«Ես կցանկանայի հատուկ նշել նախարարության ողջ կազմի և նախարարի հետևողական մոտեցումը այս հարցի առումով: Այս համատեքստում հաստատուն տեղ ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը: Դրանով էլ ավելի է մեծացնում պետության պատասխանատվությունը քաղաքացու հանդեպ, որը շահեկան է և քաղաքացու և պետության համար»,- ասաց նա:
Բաբլոյանի խոսքով՝ յուրաքանչյուր բարեփոխման թիրախը և հասցեատերը քաղաքացին է, սա նշանակում է, որ կատարվող քայլերը պիտի լինեն հստակ և կշռադատված, հատկապես երբ խոսքը չափազանց զգայուն սոցիալական ոլորտի մասին է: Նա նշեց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է բացահայտել այն ընտանիքների խնդիրները, ճանաչել և գնահատել կարիքները, առաջարկել այդ խնդիրների կարգավորումը՝ ներդնելով համարժեք սոցիալական ծառայություններ, այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, որն իրականում կարիքավոր է և ծառայություններ է մատուցել՝ ըստ անձի գնահատված կարիքների: Այստեղ, ըստ ԱԺ նախագահի, առանցքային դերում է հանդես գալիս սոցիալական աշխատողը, որի ինստիտուտի կատարելագործումը ևս բխում է համակարգի բարեփոխումներից: Բաբլոյանն ընդգծեց՝ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն մտայնությունը, որ սոցաշխատողը մարդկանց օգնություն բաժանող չէ, նա կոչված է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց և կազմակերպել ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթացը: Սոցիալական ծառայողն, ըստ նրա, սոսկ խորհրդատու չէ, այլ պետության հետ անմիջական կապ ունեցող, սոցիալական արդարության շղթայի առաջին օղակներից մեկը: «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման վերջնական արդյունքը ևս սոցիալական արդարությունն է: Հուսով եմ՝ այն ավելի կբարձրացնի ընդհանուր սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը մեր երկրում»,- ասաց նա: