Մինչև դատարկ դույլը մի քիչ չլցվի, տնտեսական աճը չենք զգա. Գագիկ Մակարյան
«2017 թվականին գրանցված տնտեսական ակտիվության 7.7% աճն իսկապես աննախադեպ է, քանի որ վերջին տարիներին նման ցուցանիշ չենք ունեցել»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ բոլոր ոլորտներում զգալի աճ ունենք: «Տնտեսական աճը հիմնականում արդյունաբերության շնորհիվ է, բայց պետք է նշենք, որ դա պայմանավորված է նաև տուրիզմի զարգացումով: Օրինակ՝ 2017 թվականի 11 ամիսներին 55,1 %-ով ավելացել է մսամթերքի, 49,4%-ով՝ մսի կիսապատրաստուկների արտադրությունը: Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ միս ուտել, դա պայմանավորված է տուրիզմի զարգացումով»,- նշեց նա:
Նա նաև ասաց, որ նախորդ տարի ավելացել է պողպատյա խողովակների, մետաղների արտադրությունը, դա էլ կապված է շինարարության ոլորտի ակտիվացումով:
«Այսինքն՝ այս բոլոր թվերը ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվությունը բավականին բարձրացել է: Բացի այդ, տնտեսական զարգացման համար հիմքեր են ստեղծվել, որոնք բարեփոխումների, մի շարք օրենքների ընդունման արդյունք են: Կարծում եմ, որ 2018թ-ին այս տեմպերը կպահպանվեն»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Իսկ թե ինչո՞ւ մարդիկ տնտեսական աճն իրենց վրա չեն զգում, ՀԳՀՄ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ պատճառն այն է, որ նախորդ տարիներին ոչ ռեալ թվեր են հրապարակել, իրական աճը շատ ավելի փոքր է եղել, քան ներկայացվել է. «Վերջին տարիներին փոքր ընկերությունները բացվում-փակվում էին, իսկ հիմա կայուն ձեռնարկությունների թիվն ավելացել է, բնականաբար, աճել է աշխատողների թիվը՝ այդ ձեռնարկությունների, ինչպես նաև ստվերի կրճատման շնորհիվ: Բացի այդ, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը հավասար միջավայր է ստեղծել: Հիմա պետք է դատարկ դույլը լցվի, այնքան էր այդ դույլը դատարկվել, որ պիտի մի քիչ լցվի, որպեսզի զգանք այդ աճը: Դրա համար պետք է մի քիչ էլ սպասենք: Կարծում եմ՝ 2018թ-ին դա ավելի շատ կզգանք»:
Միաժամանակ Գագիկ Մակարյանը նշեց, որ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը. «Պետական մարմինների պատասխանատվության ցածր մակարդակը, որակյալ կադրերի պակասը թե պետական համակարգում, թե բիզնեսում լուրջ խոչընդոտ են հանդիսանում»:
Նրա խոսքով՝ կրթական համակարգը ևս այսօր ժամանակին համընթաց չի զարգանում, բուհերը պահանջած հմտություններով մասնագետներ չեն պատրաստում:
«Օրինակ՝ քոլեջներում, ուսումնարաններում ուշադրություն են դարձնում հումանիտար կրթություններին, որոնք պահանջարկված չեն և պետական պատվերի միջոցները փոշիանում են: Կրթական համակարգում պետք է լուրջ բարեփոխումներ իրականացվեն: 15 ամսվա ընթացքում 13 նամակ ենք գրել վարչապետին, կրթության և գիտության նախարարին, այդ նամակների պատասխանները մեզ չեն գոհացրել և մենք հիմա նոր նամակով դիմել ենք վարչապետին` պահանջելով կրթության և գիտության նախարարի հրաժարականը»,- նշեց նա:
Ըստ նրա՝ թեև կրթության ոլորտում կան մի շարք հայեցակարգեր, բայց դրանք որևէ խնդիր չեն լուծում. «Քոլեջներում հազարավոր պետական պատվերներ փոշիացնում են, այդ հաստատություններում 50 տոկոսից ավելի մանկավարժ, տնտեսագետ, հաշվապահ են պատրաստում, ուսանողների միայն 14 տոկոսն է արդյունաբերական ճյուղերում սովորում: Այսինքն՝ քոլեջներում, կարծես թե, անցել ենք բուհական համակարգի: Դրանց վրա պետք է ուշադրություն դարձնել»:
Գագիկ Մակարյանը խնդիրներից առանձնացրեց նաև համայնքներում ցածր մոտիվացիան, պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերը, տրասնպորտային խնդիրներն ու ենթակառուցվածքները: